Կկայանա արդյո՞ք ԵԱՀԿ երկար սպասված գագաթաժողովը

15:57 09/09/2010 » Քաղաքական

Կկայանա արդյո՞ք ԵԱՀԿ երկար սպասված գագաթաժողովը

Նախօրեին ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը կանխատեսեց, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում լուրջ տեղաշարժեր է սպասում, քանի որ դեկտեմբերին Աստանայում կայանալու է ԵԱՀԿ գագաթաժողովը: Այս հավաքի ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապող զուգահեռն այն է, որ նման միջոցառում վերջին անգամ անցկացվել է տասը տարի առաջ, ինչն էլ ենթադրել է տալիս ատենապետին, որ սպասելի է լուծում կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հարցում:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը Panorama.am-ի հետ զրույցում ևս անդրադարձել էր սպասվող գագաթաժողովին` կարևորելով նրա նշանակությունը Հայաստանի համար, քանի որ գագաթաժողովի աշխատանքներում անպայման ներառված է լինելու ԼՂ հարցը: Բայց ի տարբերություն ՀՌԱԿ ատենապետի, Ա.Սաֆարյանն այն կարծիքին է, որ ԵԱՀԿ-ում, ու առհասարակ բոլոր միջազգային կառույցներում, որոնք հետաքրքրված ու ներգրավված են բանակցային գործընթացում, քաջ գիտակցում են, որ ղարաբաղյան հակամարտությունը հեշտ լուծվող խնդիրներից չէ, այսինքն` շուտափույտ լուծումն էլ, փաստորեն, մոտ ժամանակում ակնկալելն այդքան էլ հավանական չէ և որ միակը, ինչում գրեթե բոլորը միակարծիք են` բանակցությունները պետք է շարունակվեն:

Ահա այսպիսին են ներքաղաքական սպասումները ԵԱՀԿ գագաթաժողովից, որն, ի դեպ, սպասելի է նաև մեր հարևան Վրաստանի համար, քանի որ դրա աշխատանքներում քննարկվելու են նաև այս երկրին վերաբերող մի շարք հարցեր: Սակայն երեկ պարզվեց, որ հենց Վրաստանի պատճառով այդքան սպասված գագաթաժողովը, որի հետ մեր քաղաքական գործիչները, փաստորեն, որոշակի հույսեր են կապում, դիտարկելով այն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր ազդակ, կարող է չկայանալ:

Rustavi-2 հեռուստաընկերության եթերում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն հայտարարել է, որ գագաթաժողովի աշխատանքները ձախողման եզրին են, քանի որ մասնավորապես Վրաստանի հետ կապված խնդիրները շատ-շատ են:

Քարտուղարը խոստովանել է, որ դեռ հույս ունի, որ կողմերը որոշակի համաձայնության կգան կոնկրետ գագաթաժողովի աշխատանքների կայացման հարցում, ինչպես նաև վրացական, քանի որ սա այն տարածաշրջանն է, որի վերաբերյալ կողմերն ունեն իրարամերժ ու տարբեր մոտեցումներ:

Սրա ֆոնին Հայաստանի ներքաղաքական դաշտի ներկայացուցիչների սպասումները կարծես երկրորդական են դառնում, քանի որ, փաստորեն, երկար սպասված գագաթաժողովի հիմնական կռվախնձորը, այդ կառույցի ղեկավարի խոստովանությամբ, Վրաստանն է իր խնդիրներով և ոչ թե ղարաբաղյան հարցը, ինչպես որ դա կանխատեսում է Հ.Առաքելյանը:
http://panorama.am/am/politics/2010/07/14/aram-safaryan2/

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց