19:24 09/09/2010 » Քաղաքական

Հայաստանի դիրքորոշումը պայմանավորված է Վրաստանի կեցվածքով

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբելայում Վրաստանի առաջարկած բանաձևի նախագծին Հայաստանի «դեմ» քվեարկությունը պայմանավորված է ՄԱԿ ԳԱ հարթակում համագործակցելու շուրջ Երևանի առաջարկն անպատասխան թողնելու Թբիլիսիի կեցվածքով:

Մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ բանաձևը քվեարկության դնելուց առաջ Հայաստանը Վրաստանին առաջարկել է փոխադարձ ձեռնպահ մնալ միմյանց շահերին առնչվող փաստաթղթերի քվեարկության ժամանակ, սակայն այդ առաջարկը Թբիլիսիի կողմից արձագանք չի ստացել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին ՄԱԿ ԳԱ-ն ձայների 50 կողմ, 17 դեմ և 89 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է Թբիլիսի առաջարկած «Աբխազիայից` Վրաստան, և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսիա` Վրաստան, փախստականների ու ներքին տեղահանվածների դրությունը» բանաձևի նախագիծը:

Նշենք, որ ՄԱԿ-ում Վրաստանն ու Ադրբեջանը (ինչպես նաև ՎՈՒԱՄ անդամ մյուս երկրները` Ուկրաինա, Մոլդովա) պարբերաբար աջակցում են միմյանց` «կողմ» քվեարկելով մյուսի նախաձեռնած փաստաթղթերին:
2008 թվականին Վրաստանը «կողմ» էր քվեարկել Ադրբեջանի, իսկ Ադրբեջանը` Վրաստանի առաջ քաշած բանաձևին: 2008 թվականին նույնպես Հայաստանը «դեմ» էր արտահայտվել Վրաստանի հեղինակած փաստաթղթին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց