Մանասյան. Հիմա թող Ֆասիեն պատասխանի մեզ

14:20 09/09/2010 » Քաղաքական

Մանասյան. Հիմա թող Ֆասիեն պատասխանի մեզ

Քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմը Եվրոպայից եկող ոչ հայնպաստ մեսիջներին ադեկվատ պատասխան չի տալիս, հստակ հակադարձում չի լինում:

Մանասյանին բարկացնում է հատկապես այն, որ ԼՂ-ում անցկացվում են ժողովրդավար, չկեղծված, երբեմն էլ հենց եվրոպական արժեքները գերազանցող ընտրություններ: Արևմուտքից դիտորդներ են գալիս, հավաստում, որ դրանք արդար են, եվրոպական կառույցները դրանց նախօրյակին ու հետո էլ հայտարարում են, թե չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները:
«Մենք կարգին պատասխան ունենք: Նախօրյակին պետք է հնչեցվի այն գաղափարը, որ այդ ընտրությունները անցկացվում են Եվրոպայի պահանջով, որովհետև 1992 թ. բուդապեշտյան գագաթաժողովը որոշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ինքը գործ կունենա ԼՂ ընտրված ներկայացուցիչների հետ: Հարց է ծագում, դուք նոր որոշում ընդունել ե՞ք այդ ընտրությունները չճանաչելու համար»,-ասաց բանախոսը:

Քաղաքագետը համարում է, որ նման պատասխան պետք է տրվի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին, ով նախօրեին մյուս երկու միջնորդների հետ հատելով Ադրբեջանի ու ԼՂ շփման գիծը, Ստեփանակերտում հայտարարել է. «Դա ոչ թե մոնիտորինգ էր, այլ շփման գծի հատում։ Եվ դա արվեց, որպեսզի ցույց տանք, որ սա սահման չէ»:

«Երբ նրանք գալիս են Երևանով են գնում Լեռնային Ղարաբաղ, կամ Ադրբեջանով են գալիս, մենք դա պետք է մեկնաբանենք, որ դա պացուցում է, որ բանակցությունները եռակողմ են: Հակառակ դեպքում ինչո՞ւ են գնում»,-ասաց Մանասյանը, խորհուրդ տալով այդ հարցին մեծ հնչեղություն տալ:

Նա համարում է, որ միջնորդները երբեմն-երբեմն հայտարարություններ են անում Ադրբեջանին սիրաշահելու ու բանակցությունները շարունակելու նպատակով, բայց դրանք էլ չպետք է անպատասխան մնան: «Մենք Ֆասիեին էլ պետք է բան պատասխանենք»,-ասաց քաղաքագետն ու հիշեց Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային, ով հայտարարել էր, թե ԼՂ-ն իրավականորեն պատկանում է Ադրբեջանին: Այս հայտարարությանը հետևել էր Մանասյանի առաջարկը` հինգ մլն դոլար ենք տալիս, եթե փաստեր ու ապացույցներ բերեք: «Ֆասեին պետք է պատասխանել այսպես, ձեր այնտեղ գնալն արդեն խոսում է այն մասին, որ դա ինքնուրույն պետություն է: Վերջ: Հիմա թող Ֆասիեն պատասխանի մեզ»,-հայտարարեց քաղաքագետը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց