Ալիևը հավանությո՞ւն է տվել Մեդվեդևի առաջարկներին

18:14 09/09/2010 » Քաղաքական

Ալիևը հավանությո՞ւն է տվել Մեդվեդևի առաջարկներին

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Ադրբեջան այցի շուրջ կրքերն արդեն մարել են և կարելի է արձանագրել, որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում և թե Ռուսաստանում փորձագիտական շրջանակները համամիտ էին` այցը հերթապահ էր և որևէ կարևորություն չէր ներկայացնում: Համատարած այս գնահատականին հակադրվելն, անշուշտ, դժվար է, բայց մի փոքր վերապահում, այնուամենայնիվ, պետք է անել:

Նախ` այցի կարևորության, ավելի ճիշտ, դրա բացակայության մասին: Դեռևս այցի նախօրեին փորձագետները, ծանոթանալով ՌԴ նախագահի Բաքվի ծրագրին, միանշանակ եզրակացրեցին` որևէ քաղաքական հարց չի վճռվում:

Բանն այն է, որ խնդիրների այն ցանկը, որ նախատեսված էր քննարկել Դմիտրի Մեդվեդև-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ, իրականում դուրս էր նախագահների մակարդակով երկկողմ շփումների ձևաչափից:

Ռուս-ադրբեջանական սահմանի հարցն ակնհայտորեն նախագահների զբաղմունքը չէ: Դա փոխնախարարների մակարդակի խնդիր է: Երբևէ չի հաղորդվել, չէ՞, որ ՌԴ նախագահը սահմանային հարցեր է քննարկում Վրաստանի կամ Ղազախստանի հետ: Այդպես է նաև Հայաստանի դեպքում. հայ-վրացական սահմանի հարցով զբաղվող աշխատանքները կոորդինացվում են փոխարտգործնախարարների մակարդակով: Այնպես որ, այդ հարցի ներառումը Մեդվեդև-Ալիև հանդիպման օրակարգ հուշում է, որ երկկողմ քննարկումների կոնտենտը լցնելու խնդիր է եղել:

Նույնը կարելի է ասել նաև Կասպից ծովի կարգավիճակի դեպքում: Այս դեպքում էլ երկկողմ ֆորմատը անարդյունավետ գործիք է: Մակարդակն, իհարկե, տեղին է, բայց ահա առափնյա մյուս երկրների` Իրանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի նախագահների բացակայությունը (առանց որոնց Կասպից ծովի կարգավիճակի հետ կապված ցանկացած խնդրի քննարկում արդյունավետ լինել չի կարող) հուշում է, որ այս դեպքում ևս նախագահների զրույցին բովանդակություն հաղորդելու խնդիր է լուծվել:

Ինչ վերաբերում է Ռուսաստան ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը մեծացնելու հարցին, ապա այս դեպքում գործ ունենք կոմերցիայի` պետության ղեկավարի իրավասությունների տիրույթից դուրս գտնվող ոլորտի հետ: Եթե Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները չէին քննարկելու գազի արտահանման ուղիների կամ Ադրբեջանի արտահանվող գազի ողջ ծավալը «Գազպրոմ»-ին տրամադրելու հարցը, այլ ընդամենը ստորագրվելու էր մի փաստաթուղթ` ռուսական միջին չափի շրջկենտրոնի կարիքների չափով գազի ծավալները մեծացնելու մասին, կնշանակի նախագահների միջամտությունը միանգամայն ավելորդ էր:

Ըստ էության, հենց վերը նկարագրված իրողությունները հաշվի առնելով է, որ քաղաքական մեկնաբաններն ու փորձագետներն արձանագրեցին Դմիտրի Մեդվեդևի այցի` քաղաքական բաղադրիչ չունենալու փաստը: Այս հարցում փորձագետները միակարծիք են` գրեթե առանց բացառությունների:

Սկզբնական փուլում որոշակի տարակարծություններ կային ՌԴ նախագահի Բաքու կատարած այցելության քարոզչական էֆեկտի շուրջ: Բայց ժամանակի ընթացքում դրանք գնալով հարթվում են: Ո՞րն է խնդիրը:

Գրեթե որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ Մեդվեդևի ադրբեջանական «վոյաժը» տեղի էր ունենում դրանից երկու շաբաթ առաջ Հայաստան կատարած այցելության ու դրա ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կոնտեքստում:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի Երևան կատարած պետական այցի շրջանակներում էր ստորագրվել ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանների մասին արձանագրությունը, և հենց այդ ժամանակ էլ կարծիք կար, որ Բաքու մեկնելու Դմիտրի Մեդվեդևի նպատակը որոշակի հավասարակշռություն պահպանելն է:

Ադրբեջանական քաղաքական շրջանակները չէին էլ թաքցնում իրենց ակնկալիքները: Դրանք մոտավորապես կարելի է բանաձևել հետևյալ կերպ. Մեդվեդևը Բաքուկատարած այցի ընթացքում պետք է հայտարարեր, որ Երևանում իրեն ճիշտ չեն հասկացել և Ռուսաստանը մտադիր չէ Հարավային Կովկասում պատերազմական գործողությունների դեպքում կատարել իր դաշնակցային պարտավորությունները (Հայաստանում ՌԴ նախագահն այդ մասին խոսել էր հստակ` առանց դիվանագիտական սեթևեթանքի):

Ադրբեջանի մայրաքաղաքում ՌԴ նախագահի այն հավաստիացումը, որ Հայաստանի հետ իրենց համաձայնությունն Ադրբեջանի դեմ «ստորջրյա խութեր» չի պարունակում և միտված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը, սկզբնական շրջանում բավարարել էր բոլորի ակնկալիքը Բաքվում:

Ադրբեջանում հատկապես ոգևորվել էին ՌԴ նախագահի և արտգործնախարար Լավրովի այն մեկնաբանությունից, թե Հայաստանի հետ ստորագրված փաստաթուղթը ռուսական ռազմակայանի ֆունկցիաների փոփոխություն չի նախատեսում:

Սա սկզբնական փուլում: Շատ շուտ հիացական արձագանքները դադարեցին: Հավանաբար Բաքվում փոքր-ինչ վերլուծություն էին արել ու հասկացել, որ ՌԴ ղեկավարները ոչ միայն չեն հերքել իրենց նախկին հայտարարությունները, այլև վերահաստատել էին դրանք:

Այսպես, «ստորջրյա խութեր»-ի բացակայությունը կարելի է հասկանալ նաև` հայ-ռուսական համագործակցության հստակության ու թափանցիկության ակնարկ, իսկ ռազմակայանի առկայությունը խաղաղության պահպանման տեսանկյունից դիտարկելու խորհուրդը` Ադրբեջանին ուղղված զսպվածության կոչ: Ինչ վերաբերում է ռազմակայանի ֆունկցիաների մասին հայտարարության մանիպուլյացիաներին, ապա պետք է հիշեցնել, որ օգոստոսի 20-ին Երևանում ստորագրված արձանագրությամբ ֆունկցիաների փոփոխություն իսկապես տեղի չի ունեցել, այլ որոշակիացվել է այդ ֆունկցիաների տարածման աշխարհագրական տարածքը:

Այս պատճառով է, որ Ադրբեջանում հիացմունքը փոխակերպվեց հիասթափության. Բաքվի քարոզչական պատասխանատուները հասկացան, որ Մեդվեդևի այցի հիման վրա հերթական հակահայկական հիստերիան բարձրացնել չեն կարող:

Այժմ վերապահման մասին: Դմիտրի Մեդվեդևի Բաքու կատարած այցը հատկապես ուշագրավ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում: Ոչ թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, այլ` հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի:

Ի՞նչն է խնդիրը: Ակնհայտ է, որ այս փուլում Ադրբեջանը տարատեսակ մանևրներ է անում բանակցային գործընթացի վերջին ռաունդում` Սանկտ Պետերբուրգում քննարկված առաջարկների առնչությամբ դիրքորոշում չարտահայտելու համար: Սկզբում հայտարարվում էր, որ Սանկտ Պետերբուրգում առաջարկներ չեն եղել, իսկ հետո, երբ այլևս փաստը թաքցնել հնարավոր չէր, ադրբեջանցի մի քանի պատասխանատու պաշտոնյաներ հղում էին անում այն հանգամանքին, որ դրանք ներկայացրել է Ռուսաստանը, մինչդեռ միջնորդական առաքելության մանդատ ունի Մինսկի խմբի եռանախագահությունը:

Նույնիսկ այն բանից հետո, երբ համանախագահներն Ալմաթիում արած համատեղ հայտարարությամբ հավաստիացրին, որ լիովին սատարում են պաշտոնական Մոսկվայի ջանքերին, Բաքվում չդադարեցվեցին խուսափողական հայտարարությունները` հենց այդ հիմքով: Եվ հենց այդ ֆոնին էլ Դմիտրի Մեդվեդևն այցելեց Բաքու ու ասուլիսում խոսեց շփումները շարունակելու, ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտության մասին, իսկ Իլհամ Ալիևը ստիպված եղավ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու անձամբ Դմիտրի Մեդվեդևին` գործադրած ջանքերի համար:

Հիմա հարց է առաջանում` ինչո՞ւ է շնորհակալ Իլհամ Ալիևը, երբ իր ռեժիմի ներկայացուցիչներն աջ ու ձախ բողոքում են, թե Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանը չպետք է միայնակ առաջարկներ ներկայացներ: Կարելի՞ է Մեդվեդևին ուղղված նրա երախտիքի խոսքն ընկալել որպես Պետերբուրգյան առաջարկները հրապարակավ ընդունելու փաստ: Եթե` այո, ուրեմն Դմիտրի Մեդվեդևի այցելությունը Բաքու, չնայած բովանդակության դատարկությանը, լուրջ արդյունքներ է ապահովել:
 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Արմեն Մինասյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց