22:38 09/09/2010 » Քաղաքական

Նվազ ռեսուրսներով ` ավելի արդյունավետ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Վրաստանի ներկայացրած բանաձևի քվեարկության արդյունքների համեմատությունը որոշ եզրակացությունների տեղիք է տալիս:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին կայացած քվեարկության ժամանակ Աբխազիայից և Հարավային Օսիայից փախստականների և ներքին տեղահանվածների դրության վերաբերյալ Վրաստանի հեղինակած բանաձևն ընդունվեց ձայների 50 կողմ, 17 դեմ և 86 ձեռնպահ հարաբերակցությամբ:

2008-ի մարտի14-ին Ադրբեջանի նախաձեռնած համանման բանաձևն անցել էր ձայների` 39 կողմ, 7 դեմ, 100 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Միանգամից աչքի է զարնում հանգամանքը, որ Վրաստանին հաջողվել է ավելի շատ «կողմ» ձայներ կորզել, քան Ադրբեջանին: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը առանց որևէ ջանքի ՄԱԿ-ում ունի թվով 57 երկրի աջակցություն: Խոսքը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամների մասին է, որոնք քաղաքական պայմանավորվածություն ունեն` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում միմյանց միանշանակ պաշտպանելու մասին:

Բայց խոսքն այդ մասին չէ: Այստեղ առավել ուշագրավը երկու բանաձևերին դեմ հանդես եկող կողմերի տիրապետած ռեսուրսների և ստացած արդյունքների համեմատությունն է:

Ադրբեջանի պարագայում հասկանալի է` բանաձևին հակազդեցությունն իրականացնում է Հայաստանը, իսկ հիմնական փաստարկը Մինսկի կարգավորման գործընթացին չխոչընդոտելն է:
Իսկ Վրաստանի դեպքում հակազդեցությունը գլխավորում է Ռուսաստանը` փաստարկ ունենալով Ժնևի գործընթացին չխանգարելու հանգամանքը:

Միջազգային ասպարեզում, որոշումների ընդունման վրա ազդեցության առումով Հայաստանի ու Ռուսաստանի հնարավորություններն ու ռեսուրսները համեմատելն, իհարկե, անշնորհակալ գործ է: Սակայն նշված բանաձևերի դեպքում ձայների հարաբերակցությունը, հատկապես Վրաստանի ստացած 50 և Ադրբեջանի ստացած 39 «կողմ» ձայները ստիպում են գնալ նման համեմատության:

Անդրադառնանք երկու երկրների տիրապետած ռեսուրսների միայն դիվանագիտական բաղադրիչին: Եվ այսպես` Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ ունի հինգ տասնյակ երկրներում, բայց դեսպանություններ ունի դրանցից մոտ 60 տոկոսում (մյուս դեսպանների դեպքում նստավայրը կամ Երևանն է, կամ էլ` համատեղության կարգով գործող դեսպանի նստավայրը): Ի տարբերություն Հայաստանի Ռուսաստանը ներկայացված է  բոլոր երկրներում ու միջազգային կազմակերպություններում: Անգամ դիտորդի կարգավիճակով ընդգրկված է Իսլամական կոնֆերանսում:

Գանք ՄԱԿ: Այստեղ Հայաստանն ընդգրկված չէ որևէ հիմնական մարմնում, բացի Գլխավոր ասամբելայից: Իսկ ահա Ռուսաստանը անդամակցում է դրանցից գրեթե բոլորին, իսկ ամենակարևորագույն մարմնում` Անվտանգության խորհրդում ունի վետոյի իրավունք: Այսինքն` ոչ միայն տեսականորեն բացառվում է այն, որ ՄԱԿ-ը հակառուսական բնույթի որևէ լուրջ որոշում կկայացնի, այլև Ռուսաստանի կարգավիճակը նրանից կախման մեջ է գցում գրեթե բոլոր անդամ երկրներին (պայմանավորված ԱԽ-ում հետապնդվող շահերով):
Ինչպես տեսնում ենք, մեկ առաձին` դիվանագիտական ոլորտում անգամ Հայաստանի ու Ռուսաստանի հնարավորություններն անհամեմատելի են, մինչդեռ ՄԱԿ-ում քվեարկության արդյունքներն այլ են: Այս պայմաններում մնում է զարմանալ այն պնդումների վրա, թե իբր Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն անգործություն են դրսևորում ու չեն հակազդում Ադրբեջանի գործողություններին:

Հ.Գ. Արդեն հայտնի է, որ Ադրբեջանը հետ է կանչել ՄԱԿ ԳԱ 64-րդ նստաշրջանում ներկայացրած հակահայկական բանաձևի նախագիծը: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ադրբեջանի որոշումը պայմանավորված էր Հայաստանի դիվանագիտական ակտիվ ջանքերի արդյունավետ ելքով:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց