Ի. Չարնի. «Իսրայելի ժողովուրդը գիտի Հայոց ցեղասպանության մասին, նրանք այն չեն ժխտում»
Դեկտեմբերի 14-15 Երևանում կայացած «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» միջազգային գիտաժողովի շրջանակներում Panorama.am-ի թղթակիցը զրուցել է Երուսաղեմի հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Իսրայել Չարնիի հետ:
- Ի՞նչ է բարոյական նշանակություն ունի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
-Ես ծիծաղում եմ, բայց և հուզվում եմ, ես զայրանում եմ և ծիծաղում եմ: Այն, որ Իսրայելը չի կարողանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը սարսափելի խայտառակություն է: Դա չարագործություն է և ձախողում մեր կողմից, և մեզանից շատերը օր ու գիշեր պայքարում են դրա դեմ: Ես մի լավ լուր ունեմ, որն ինձ օգնում է ուրախանալ: Մշակութային տեսանկյունից մենք Իսրայելում հաղթանակ ենք տարել, Իսրայելի ժողովուրդը գիտի Հայոց ցեղասպանության մասին, նրանք այն չեն ժխտում: Իսրայելի զանգվածային լրատվամիջոցները, օրաթերթերը, լրագրերը, հեռուստահաղորդումները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նրանք պարբերաբար անդրադառնում են այդ հարցին, և այս պահին ես չեմ կարողանում մտաբերել անգամ մեկ հոդված, որն աջակցեր կառավարությանը ցեղասպանությունը մերժելու մեջ: Այնուամենայնիվ, իրական կյանքում քաղաքական մանիպուլյացիաներին ենթակա են նաև բարոյական սկզբունքներ կրող բազմաթիվ հարցեր, սա դեռ պետք է հաղթահարենք:
-Վերջին իրադարձությունները հանգեցրել են Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների բարդացմանը, և այս համատեքստում շատերը հնարավոր են համարում Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը: Չե՞ք կարծում, որ նման նուրբ հարցում քաղաքական կոնյունկտուրայի առկայությունը կարող է արժեզրկել հրեական պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը:
-Ես միանգամայն համամիտ եմ: Ես անելանելի վիճակում կհայտնվեի, եթե Իսրայելը հիմա ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, քանի որ թուրքերը դարձել են Իրանի, Սիրիայի, ինչպես նաև այն մարդկանց տոտալիտար մոտեցման դաշնակիցները , ովքեր Իսրայելի ու ողջ ազատ աշխարհի համար իրական վտանգ են ներկայացնում: Այդուհանդերձ, ես ցանկանում եմ, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը բարոյական մաքուր հիմքերի վրա, որպեսզի այն ճանաչվի և հարգվի: Իսրայելի պատմության մեջ Յոսսի Սարիդը մեկն էր այն 2 նախարարներից, ով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Պրոֆեսոր Յաիր Օրոնը և Յոսին ինձ հետ էին, երբ երկու տարի առաջ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցինք:
- Պայքարի ի՞նչ միջոցներ են հասանելի հրեա գիտնականներին Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
- Անշուշտ գիտականորեն, անշուշտ մասնագիտորեն և մշակույթի մեջ շարունակաբար մեր ներդրումը ունենալով: Մենք բոլորս պարբերաբար հարցազրույցներ ենք տալիս, բանակցություններ ենք վարում և բոլորս պարբերաբար ելույթ ենք ունենում հեռուստատեսությամբ: Հարցը նրանում է, որ մեր պայքարի ընդհանուր թշնամին քաղաքականությունն է` պայքարելով պետք է հասնենք քաղաքական այն մակարդակին, երբ վերջինս կդադարի հակասել մեզ: Սրա հետաքրքիր պատասխանն այն է, որ Կնեսետում կա առաջարկ ընդունել Հայոց ցեղասպանությունը, և մի քանի ամիս առաջ Կնեսետում կայացած քվեարկության արդյունքները դրական են եղել: Սա հիանալի առաջընթաց է: Իսրայելում հարցը անցնում է Կնեսետից Կոմիտեին, իսկ Ամերիկայում Կոմիտեից` Կոնգրես: Այն մարդը, ով կարող է հարցեր բարձրացնել Կնեսետում, Կնեսետի անդամ է. Իսրայելի թույլ, փոքրիկ, գեղեցիկ լիբերալ կուսակցության ղեկավարն է: Նրա անունը Խայիմ Օրոն է: Մենք համագործակցում ենք Խայիմ Օրոնի հետ: Այս պահի դրությամբ Կնեսետի բազմաթիվ անդամներ կան, ովքեր կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ցավում եմ ասել` մենք հաղթանակ չենք ակնկալում, սակայն անում ենք ուժերի ներածի չափով: Դա այն է, ինչ մենք կարող ենք երբևէ անել: