Ռազմական փորձագետ. Ուշադրություն դարձրել ե՞ք, թե «բանակի քեֆերին» ինչ խորհուրդներ են տալիս ապագա զինծառայողին
«Բանակում առկա խնդիրներն արդյունք են հասարակության ներսում նկատվող փոփոխություններին, հասարակարգային փոփոխություն է տեղի ունեցել, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել նաև բանակում տեղի ունեցող պրոցեսների վրա»,- անդրադառնալով բանակում առկա խնդիրներին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
«Նայեք, բոլորս էլ առիթ ունեցել ենք մասնակցելու «բանակի քեֆերի», ուշադրություն դարձրել ե՞ք, թե ինչ խորհուրդներ են տալիս ապագա զինծառայողին հարազատներն ու ավագ ընկերները. կգնաս սրան սենց կանես, նրանց նենց: Դա է՞ մեր խորհուրդը զինծառայողին»,- հարց հնչեցրեց Հ. Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, բանակում առկա բացերը հետևանք են նաև դեռևս խորհրդային բանակում եղած խնդրահարույց բարքերից, սակայն դա չի նշանակում, թե կարելի է ամեն ինչ քանդել ու միանգամից նորը ստեղծել:
«Մեկ բան պետք է հասկանանք. մենք չենք կարող Վրաստանի նման վերցնել ու ամեն ինչ բանակում «շուռ տալ», քանի որ հասկանալի պատճառներով կոնֆլիկտի մեջ ենք Ադրբեջանի հետ: Ինչ էլ տեղի ունենա, այն պետք է կատարվի նրբորեն, որպեսզի ոչ մի ձևով, թեկուզ կարճատև ժամանակահատվածում, այն բանակի մարտունակության վրա որևէ ազդեցություն չունենա»,- ասաց Հ. Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, զինծառայողները ադապտացվելու հետ կապված խնդիրներ են ունենում, ինչի հետ կապված սպայական կազմը մեծ աշխատանքներ պետք է իրականացնի ու իրականացանում է:
Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե արդյոք այդ տեսանկյունից սպաներն իրենց առջև դրված խնդիրները չեն իրականացնում, փորձագետը նշեց. «Խնդիրներ միշտ էլ կան, սակայն փողոցից բանակ տեղափոխված խնդիրների 80-90%-ը հարթվում է, և միայն մնացածների դեպքում է այն վերածվում է արտակարգ պատահարներին»:
Հարցին, թե այդ դեպքում, արդյո՞ք, այսօր, բանակում նկատելի են մեխանիզմներ, որով փորձ է արվում լուծել մնացած 10-20%-ի հարցը, բանախոսը նշեց, թե իդեալական բանակի մոդել չկա, սակայն հնարավոր է բանակում առկա միջադեպերը նվազագույնի հասցնել:
«Գիտեք, անհնար է ողջ օրը, սպայական կազմն անձնակազմին 100%-ոց հսկողության տակ պահի, դա ուղղակի ֆիզիկապես անհնար է»,- հավելեց նա: