Դաշնակցությունը մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրի

12:57 03/02/2012 » Քաղաքական

Դաշնակցությունը մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրի

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քննարկումներից հետո, եթե խորհրդարանական ընտրություններում, այնուամենայնիվ, լինեն մեծամասնական տեղեր, ապա Դաշնակցությունը «շատ կարևոր» մեծամասնական ընտրատարածքներում պայքարելու է սեփական թեկնածուներով: Այդ մասին այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ չի բացառվում նաև այն, որ Դաշնակցությունը պայքարի այլ ընդդիմադիր ուժերից առաջադրված թեկնածուներին պաշտպանելու համար:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններում 100 տոկոսանոց համամասնական համակարգի ներդրման շուրջ վերջին շրջանում բուռն քննարկումներին, որի ջատագովն են Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», Հովհաննիսյանն ասաց, որ Հ. Յ. Դաշնակցությունը «ռեալ քաղաքականությանը նայում է բաց աչքերով և շատ լավ հասկանում է, որ այս տրամադրություններով կարող է և չհաջողենք 100 տոկոսանոց համամասնականի համար պայքարում»:

Սակայն նա չի բացառում նաև, որ մեկ այլ իրավիճակ ստեղծվի: «Միգուցե այլ իրավիճակ ստեղծվի, միգուցե օրինակ կատարվի զիջում` ոչ թե 100 տոկոս համամասնական դառնա, այլ 90/41 հարաբերակցությունը փոխվի և դառնա 100/31: Հազար ու մի մոդիֆիկացիա կարող է լինել»,- նկատեց դաշնակցական պատգամավորը:

Նշենք, որ խորհրդարանում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերաբերյալ ՀՅԴ-ի, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստան» նախաձեռնությամբ խորհրդարանական լսումները ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում կքննարկվեն փետրվարի 15-ին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց