Լ.Շիրինյան. Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական և քաղաքական նոր էլիտա

12:20 06/02/2012 » Քաղաքական

Լ.Շիրինյան. Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական և քաղաքական նոր էլիտա

«Լավ կլինի, որ Հայաստանի Հանրապետության գործող նախագահը չգնա Ռուսաստանի օրինակով և չգլխավորի ՀՀԿ ցուցակը: Հակառակ դեպքում այն կդիտվի որպես կրկնօրինակում և կհարվածի նախագահի վարկանիշին», -այսօր Հայաստանի քաղաքագետների միության «Politlogos» իրավիճակային վերլուծությունների ակումբի քննարկմանը` 2012 թվականի ընտրական գործընթացների վերաբերյալ կարծիք հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամ Լևոն Շիրինյանը, նշելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները դիտարկում է որպես նախագահական ընտրությունների նախաշեմ:

Ըստ բանախոսի` այսօր Հայաստանը գտնվում է գրեթե նույն վիճակում, ինչ ֆաշիստական վարչակարգի տապալումից հետո Գերմանիան էր, «թեև մեզ մոտ չկա այնպիսի քաղաքական էլիտա, որը Հայաստանում ազնիվ ու արդար ընտրություններ կկազմակերպեր»:

Քաղաքագետի կարծիքով` Հայաստանում պատլամենտարիզմի զարգացման համար հարկավոր է հիմնվել ոչ թե երկբևեռ, այլ` բազմաբևեռ քաղաքական համակարգի վրա: Այդ տեսանկյունից նա նաև կարևորեց քաղաքական գործընթացներում Հայաստանի երեք նախագահների հավասար մասնակցությունը:

Նրա կարծիքով` գաղափարների պայքար Հայաստանում դժվար թե լինի, բայց քաղաքական ուժերը պետք է ներդնեն ներուժը՝ իրավական պետություն ստեղծելու շուրջ։ «Այս հարցի շուրջ պետք է հավաքվեն բոլոր քաղաքական ուժերը, կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները: Մենք այսօր հաճախ դժգոհում ենք հենց օրենքի բացակայությունից: Իրավական պետություն ստեղծելուց հետո Հայաստանը կգնա զարգացման ճանապարհով»,- ասաց քաղաքագետը:

Լ.Շիրինյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական և քաղաքական նոր էլիտա, որն առաջ պետք է գա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց