ՌԴ նախագահի առաջին տեղակալը նկատել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի են սերտացել

10:36 07/02/2012 » Քաղաքական

ՌԴ նախագահի առաջին տեղակալը նկատել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի են սերտացել

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Զուբկովին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու երկկողմ ձգտումը շատ լավ մթնոլորտ են ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Նախագահի խոսքով, երկու երկրների միջև տարեցտարի աճում է ապրանքաշրջանառությունը, մեծանում է ռուսական կապիտալով համատեղ ձեռնարկությունների քանակը, ավելի բազմազան է դառնում հումանիտար համագործակցությունը:

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալը նշել է, որ 2008 թվականին Հայաստան կատարած իր նախորդ այցից հետո՝ անցած չորս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի սերտացել և ջերմ են դարձել: Դրանք, Վիկտոր Զուբկովի խոսքով, ամրապնդվել են նաև բարձր մակարդակի փոխայցելություններով, այդ թվում՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անցյալ տարվա հոկտեմբերին ՌԴ կատարած պետական այցով:

Վիկտոր Զուբկովը հավաստիացրել է, որ երկու երկրների կառավարություններն ակտիվ աշխատանք են իրականացնում այդ փոխայցելությունների ընթացքում ՀՀ և ՌԴ նախագահների կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի համանախագահների հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ Երևանում:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցության զարգացումը գյուղատնտեսության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց