Նիկոլայ Պատրուշև. «Կարևոր է, որ հայ-ռուսական միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»

18:25 08/02/2012 » Քաղաքական

Նիկոլայ Պատրուշև. «Կարևոր է, որ հայ-ռուսական միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»

«Հայաստանում և Ռուսասատանում իրավիճակը նորմալ է, որևէ առանձին միջոցների կարիք չկա, պետք է միայն վերահսկել և համապատասխան ճշտումներ ներառել գործող պայմանավորվածությունների մեջ», -այսօր Երևանում ՌԴ Սահմանապահ վարչության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Ռուս պաշտոնյան տեղեկացրեց, որ Երևան է ժամանել «տեղում ծանոթանալու սահմանապահ զորքերի վիճակին»: Նա նաև փոխանցեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի դրական բարձր գնահատականները` ընդհանրապես սահմանապահ ծառայության, մասնավորապես` Հայաստանում ՌԴ սահմանապահ ծառայության վիճակի մասին:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները դաշնակցային են, երկու երկրները միմիանց սատարում են գրեթե բոլոր ուղղություններով: Կարևոր է, որ երկու երկրների միջև միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն, որպեսզի առկա հարաբերությունները հնարավորինս արդյունավետ լինեն»,- նշեց նա:

Ըստ Ն. Պատրուշևի` նախատեսվում էր այց նաև Գյումրի, սակայն եղանակային պայմանների պատճառով այս անգամ հնարավոր չեղավ այն իրականացնել:

Իր հերթին հանդիպմանը ներկա ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ևս շեշտեց ռուս-հայկական մարտավարական գործընկերության բարձր մակարդակի մասին` նշելով, որ երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է լայն շրջանակներում, մասնավորապես` բարձր մակարադակով են  իրականացվում Հայաստանի սահմանների համատեղ պահպանման աշխատանքները:

«Այսօր արդեն քննարկել ենք մի շարք հարցեր, փոխհամագործակցության հետ որևէ խնդիր չկա, միայն օրակարգային հարցեր են»,-նշեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը նաև շնորհակալություն հայտնեց գործընկերոջը երկու երկրների միջև հարաբերություններում հետևողականություն դրսևորելու համար և հույս հայտնեց, որ հանդիպումների ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն ըստ ժամանակացույցի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանեց Հայաստան այսօր առավոտյան` ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով:
Ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք:

Վաղը նախատեսվում է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով կստորագրվի այցի արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

 
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց