Քաղաքագետների միություն. Մի խումբ մարդիկ փորձել են արգելափակել Հմայակ Հովհաննիսյանի մուտքը ՀՔՄ գրասենյակ
Այսօր առավոտյան Սենիկ Ջուլհակյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ փորձել են արգելափակել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մուտքը՝ վերջինիս օրինական սեփականությունը հանդիսացող ՀՔՄ գրասենյակ: ՀՔՄ գրասենյակի և նույն գրասենյակում տեղակայված հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի աշխատակիցները պահանջել են հնարավորություն տալ Հմայակ Հովհաննիսյանին մուտք գործել գրասենյակ:
Ըստ Քաղաքագետների միության տարածած հաղորդագրության, Սենիկ Ջուլհակյանը չի ենթարկվել այդ օրինական պահանջին, տեղի է ունեցել ընդհարում, որից հետո հարձակվողները չորս մեքենաներով հեռացել են: Մինչ այդ նրանց մոտեցել է նույն շենքում վարձակալությամբ տարածք զբաղեցնող «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի տեղակալ Սարգիս Մուրադխանյանը, քաջալերելով. «Ամեն ինչ լավա, Սուրիկը գոհ կմնա, դուք ձեր գործը լավ արեցիք»:
Հայաստանի Քաղաքագետների միության և հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի աշխատակազմը հրավիրում են ՀՀ իրավապահ մարմինների, ՀՀ Օմբուդսմենի, Հայաստանում ընտրարշավի ընթացքը վերահսկող միջազգային դիտորդական կազմակերպությունների ուշադրությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի դեմ իրագործված բռնության այս խայտառակ դեպքի վրա, որը բացահայտում է Հայաստանի Հանրապետական վարչախմբի հակաժողովրդավարական, բռնարար, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները խրախուսող էությունը:
Նախորդող լուրեր`
«Հիդրոէներգոնախագիծ ինստիտուտի» սեփականատերը զրպարտության համար դատի կտա Հմայակ Հովհաննիսյանին
Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը զրպարտություն է. Սյունիքի մարզպետարան
Հմայակ Հովհաննիսյան. Զգուշացեք Լիսկան արդեն շրջում է քաղաքում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին