Սերժ Սարգսյան. «Պետք է բացառել պետական համակարգում զոռբայությունն ու որոշ պաշտոնյաների արտոնյալ կարգավիճակը»

21:02 26/04/2012 » Քաղաքական

Սերժ Սարգսյան. «Պետք է բացառել պետական համակարգում զոռբայությունն ու որոշ պաշտոնյաների արտոնյալ կարգավիճակը»

«Անկասկած է, որ այսօր մեր երկրում կա փոփոխությունների հասարակական պահանջ, մենք դա գիտակցում ենք և մենք էլ նախաձեռնել ենք այդ փոփոխությունները»,-Տավուշի մարզում` նախընտրական քարոզարշավի շրջանակներում դիմելով Իջևանի բնակչությանը` ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Մենք ծրագրում ենք փոփոխություններ տնտեսության, կրթության, սոցիալական և բազմաթիվ այլ բնագավառներում»,-նշեց երկրի ղեկավարը:

Ս. Սարգսյանը ասաց, որ այդ փոփոխությունները դրականորեն են ազդելու հավաքվածների կյանքի վրա, դրանք փոփոխություններ են, որոնք պայմանավորված չեն անձերով.
 
«Մենք չենք ասում, որ պետք է ամեն ինչ քանդել և սկսել նորից, փոխել այն ամենը, ինչ հաջողվել է ստեղծել: Մեր փոփոխությունները հիմնականում հենվում են արդյունքների վրա, դրանք որակական են լինելու»:

ՀՀԿ առաջնորդը նշեց, որ իրենք հավատում են, որ մոտակա հինգ տարիները լինելու են այդպիսի փոփոխությունների տարիներ: Ըստ երկրի ղեկավարի` Հայաստանի առաջին լուրջ փոփոխությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն են լինելու:

«Մենք անելու ենք ամեն ինչ, որ այդ ազատ և արդար ընտրություններ լինեն. դրանք  մեզ վստահություն կապահովեն հետագա աշխատանքի համար», - շեշտեց Նախագահը:

Ս. Սարգսյանը նաև անդրադաձավ քաղաքական սերնդափոխությանը. «Երբ խոսում ենք սերնդափոխության մասին, շատերը կարծում են, որ դա ընդամենը հասարակության կամ բնության մեջ գոյություն ունեցող օրիանաչափություններով կարգավորվող գործընթաց է: Այո, դա այդպես է, եթե սերնդափոխության տակ հասկանում են սոսկ տարիքային գործոններով պայմանավորված` հին կադրերը նորերով փոխելու գործընթացը»: Նախագահը նշեց, որ այդպիսի պարտադրված, նորմատիվային սերնդափոխությունը բավարարար չէ հանրության կենսական շահերին ծառայելու համար և առհասարակ դա չի կարող ապահովել համակարգային փոփոխությունների արդյունավետ իրականացումը:
 
Երկրի ղեկավարի խոսքով,  նման մոտեցումն անընդունելի է, քանի որ խիստ քարացած և մեխանիկական է. «Տարիների փորձը ցույց տվեց, որ այդպես լուծվել են ընդամենը իրավիճակային խնդիրներ և այս կամ այն պաշտոնին նշանակվել են մարդիկ, որոնք տասը չափանիշներով համապատասխանել և նույնքանով չեն համապատասխանել տվյալ կարգավիճակների պահանջներին»:

ՀՀԿ առաջնորդի խոսքով` սերնդափոխությունը պետք է ունենա բոլորիվին նոր փիլիսոփայություն. «Այն պետք է խարխսված լինի մի շարք արժեքներ վրա, որոնց մեջ ես  կառանձնացնեի հետևյալ մոտեցումները: Մրցունակ կրթություն-որակյալ մասնագետ սկզբունքը պետք է գերակա դառնա պետական կառավարման համակարգի որևէ օղակում պաշտոնի նշանակման հարցում. սա նշանակում է, որ պետք է հնարավորինս բացառել ավանսով կամ այսպես կոչված չարյաց փոքրագույնով որևէ մեկին պաշտոնին նշանակելու պրակտիկան: Այդպիսի քաղաքական ծառայողն այլևս չի կարող համապատասխանել մեր երկրում ազդարարված փոփոխություններին»:

Ս. Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է օր առ օր բարձրացնել պետական կառավարման համակարգի գրավչությունն ու հեղինակությունը երիտասարդ մասնագետների համար և այդ գործընթացի սկիզբը իրենք արդեն դրել են:

«Պետք է բացառել պետական համակարգում կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունը, կաշառակերությունը և խորհրդային իներցիայով մեզ հասած ժամավաճառություն ու ցուցադրականություն կոչվող երևույթները: Այս ամենին կարել է ավելացնել նաև մեր օրերում հոռի բարքեր համարվող զոռբայությունն ու որոշ պաշտոնյաների արտոնյալ կարգավիճակը և, եթե կուզեք, սանձարձակությունը»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

Ս.Սարգսյանը շեշտեց, որ նման պահվածքով աչքի ընկնող պետական և քաղաքացիական ծառայողները չեն կարող տեղ ունենալ պետական կառավարման համակարգում և չեն ունենալու:

Նախագահը կարևորեց այն հանգամանքը, որ պետական կառավարման համակարգը պետք է գործի թափանցիկ և հրապարակայնության պայմաններում, և սրան զուգահեռ պետք է ներդնել հաշվետվողականության և վերահսկաման պարզ ու մատչելի մեխանիզմներ:

ՀՀԿ առաջնորդը կարևորեց նաև երիտասարդ կանանց մուտքը պետական կառավարման համակարգ, ընդգծեց, որ նրանց գիտելիքները և կարողությունները լայնորեն պետք է օգտագործել` լիազորելով տարբեր կարևոր կարգավիճակներում:

«Ընդհանրապես անհրաժեշտ է խրախուսել և այս առումով կայուն ավանդույթներ ձևավորել»,- ասաց Ս. Սարգսյանը:

Ըստ երկրի ղեկավարի` ցանկացած առողջ հավակնություններ ունեցող, նպատակամետ, պատասխանատու և հետևողական անհատ կարող է բավարարել ներկայացվող պահանջներին:

Նախագահը նշեց, որ քաղաքական սերնդափոխության այդ գործողությունները իրենք ջանալու են կյանքի կոչել`«արդյունավետ կառավարումը մեր երկրում այլընտրանք չունի»:

Նշենք, որ Տավուշի մարզում քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ առաջնորդն այցելեց նաև Վազաշեն, Այգեհովիտ, Սարիգյուղ համայնքներ, հանցիպեց համայնքների բնակրության հետ, ծանոթացավ  նրանց հուզող հիմնախնդիրներին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց