ՀՀ նախագահը խիստ կարևորում է երեխաների անվճար բուժօգնությունը
Ոչ մրցունակ հասարակությունը երբեք չի կարող ապրել բարեկեցիկ կյանքով, բայց բարեկեցիկ Հայաստան ունենալու համար անհրաժեշտ է վերապատրաստել ողջ հասարակությանը: Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով կուսակցության նախընտրական ծրագրի` առողջապահությանն ու կրթությանը վերաբերվող դրույթներին:
Երկրի ղեկավարի խոսքով` նախատեսվում է զարգացնել առողջապահական ոլորտը` հիմնվելով թե հիվանդությունների կանխարգելման, և թե ամբողջ առողջապահության ոլորտի վերազինման և կատարելագործման վրա. «Մենք ապահովելու ենք բժիշկների պարտադիր վերապատրաստումը, ամբողջովին վերազինելու ենք այս ոլորտը»:
ՀՀ նախագահը խիստ կարևորեց երեխաների անվճար բուժօգնությունը` հայտարարելով, որ Հանրապետական կուսակցությունը մոտ ապագայում մտադիր է անվճար բուժօգնության տարիքային շեմը 7-ից բարձրացնել մինչև 12 , իսկ հեռանկարում ` մինչև 18 տարեկան:
Անդրադառնալով կրթական ոլորտին` երկրի ղեկավարը շեշտեց, որ բարեկեցիկ Հայաստան կառուցելու համար առաջնային է ունենալ որակյալ կրթություն ստացած քաղաքացիներ: ՀՀ նախագահը վստահեցրեց, որ իշխանությունները շարունակելու են աջակցել արտերկրում ուսում ստացող բոլոր երիտասարդներին և քաջալերելու են, որ նրանք վերադառնան հայրենիք:
ՀՀԿ առաջնորդը նաև խոստացավ, որ մինչև տարեվերջ կլուծվի Հայաստանի բոլոր դպրոցների ջեռուցման հարցը: Նախագահը նաև տեղեկացրեց, որ բոլոր դպրոցները կապահովվեն համացանցի հնարավորություններով:
Խոսելով գիտութան ոլորտում առաջնահերթությունների մասին` նախագահ Սարգսյանը նշեց, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու հայագիտության զարգացմանը: «Երևանը պետք է դառնա այդ ոլորտի գլխավոր կենտրոնը: Այլ ոլորտի մասնագետներ դրսում պատրաստել հնարավոր է, սակայն հայագիտության ոլորտում Երևանը պետք է դառնա մայրաքաղաք` բառի բուն և փոխաբերական իմաստով»:
Երկրի ղեկավարի խոսքով` կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների վառ արտահայտությունը պետք է դառնա Մատենադարանը, որը վերջին տարին նոր հնարավորություններ ձեռք բերեց և ընդլայնվեց: