Փոքր կուսակցությունները կարողացել են ավելացնել իրենց ընտրազանգվածը Երևանում

14:35 28/04/2012 » Քաղաքական

Փոքր կուսակցությունները կարողացել են ավելացնել իրենց ընտրազանգվածը Երևանում

Նախընտրական շրջանում ՀՀԿ-ն ամենաշատն է կազմակերպում հանրահավաքներ (25 տոկոս), հետո ԲՀԿ (19 տոկոս), ՕԵԿ (8 տոկոս), ՀԱԿ (5 տոկոս), «Ժառանգություն» և ՀՅԴ (4-ական տոկոս): Չնայած քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն նշանակալիորեն բարելավել է իր դիրքերը, այնուամենայնիվ, մարդկանց ընկալումներում ԲՀԿ-ի քարոզարշավն ավելի համոզիչ է (62 տոկոս): Այս տվյալները լրագրողներին ներկայացրեց «Եվրոպական բարեկամներ կազմակերպության» (EuFoA) գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը` ներկայացնելով «Հարցում. Հայաստանի Նախընտրական իրավիճակի վերջին գնահատականը» հետազոտության արդյունքները:

Հարցման արդյունքների համաձայն, քարոզարշավը չի փոխել քաղաքականության և Հայաստանի քաղաքական համակարգի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումները:

Քարոզարշավի ընթացքում աճել է ընտրություններին միանշանակորեն մասնակցելու դիրքորոշումը. հարցվածների 73 տոկոսը հստակ մասնակցելու է ընտրություններին, 17 տոկոսը` հավանաբար մասնակցելու է, 3 տոկոսը` դեռ չի որոշել, 3 տոկոսը` հավանաբար չի մասնակցելու, 8 տոկոսը` միանշանակ չի մասնակցելու: Թեև, ըստ Մ. Քամբեքի, այս տվյալները որոշակի կարող է փոփոխվել:



ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի ընտրազանգվածներն ավելի են հակված «միանշանակ» մասնակցելու ընտրություններին: Հատկանշական է, որ ընտրություններին «միանշանակ» մասնակցելու դիրքորոշումը շատ բարձր է նաև նրանց մոտ, ովքեր «հրաժարվել են պատասխանել» իրենց կուսակցական նախընտրության վերաբերյալ:



Իրենց որոշման մեջ առավել կայուն են մի կողմից` ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի ընտրազանգվածները, իսկ մյուս կողմից` նրանք, ովքեր հրաժարվել են բացահայտել իրենց կուսակցական նախընտրությունը:



ԲՀԿ-ի օգտին քվեարկելու հիմնական դրդապատճառն է այդ կուսակցության բարեգործական գործունեությունը, իսկ ՀՅԴ և ՀԿԿ դեպքում` նրանց նախընտրական ծրագրերը:



Հարցվողները համարում են, որ ԲՀԿ-ն լավագույնս կարող է լուծել «գործազրկության» և «աղքատության» հիմնախնդիրները, իսկ ՀՀԿ-ն` «արտագաղթի», «Ղարաբաղյան հակամարտության» և «երկրի արտաքին անվտանգության» հիմնախնդիրները:



Քարոզարշավի ընթացքում փոքր կուսակցությունները կարողացել են ավելացնել իրենց ընտրազանգվածը Երևանում, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն կորցրել է իր գյուղական ընտրազանգվածի մի մասը:



Նշենք, որ հարցումն անցկացվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության (ՀԵԲ) և IPSC-ի կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը: Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ. ապրիլի 17-22 ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հարցվել է 1600 մարդ` բոլոր մարզերում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց