««Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն արձանագրել է առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատ

14:40 02/05/2012 » Անցուդարձ

««Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն արձանագրել է առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատ

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության մամլո քարտուղար Հասմիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իրենց ՀԿ-ի 4000 դիտորդները խորհրդարանական ընտրությունների օրը 1975 ընտրատեղամասերում ներկա են գտնվելու ընտրական հանձնաժողովի նիստերին:

Նա նշեց, որ ՀԿ-ն 2012թ-ի ապրիլին իրականացրել է մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների երկարաժամկետ դիտարկում: Ըստ նրա՝ դիտարկման առարկա են եղել քաղաքական մթնոլորտը, համամասնական և մեծամասնական ընտրակարգով կուսակցությունների և պատգամավորության թեկնածուների առաջադրման և գրանցման գործընթացները, պաշտոնական քարոզարշավը, քարոզչական նյութերը, ընտրողների ցուցակները, ԶԼՄ-ների որդեգրած քարոզարշավային քաղաքականությունը:

Դիտարկումների արդյունքում, ըստ Հ.Սարգսյանի, կազմակերպությունը պարզել է, որ նախորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունների համեմատ, այս խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթացել է զգալիորեն հավասարակշռված, հանգիստ և անկաշկանդ մթնոլորտում: Նա նաև նշեց, որ ընտրապայքարում ներառված քաղաքական ուժերի և պատգամավորության թեկնածուների ընտրարշավները մեծ մասամբ անցել են ազատ մթնոլորտում: «Մենք դրական ենք գնահատում մրցակցող կողմերի, ինչպես նաև երկրի իշխանությունների բազմակի հրապարակային հայտարարությունները արդար և ազատ ընտրություններ անցկացնելու և դրանց օրինականությունը վերահսկելու պատրաստակամությունը»,- ասաց Հ.Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ բոլոր կուսակցություններին և թեկնածուներին հնարավորություն է տրվել, առանց խոչընդոտների, քարոզարշավ կազմակերպել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: «Հնարավորություն է ընձեռնվել նաև կուսակցություններին և թեկնածուներին անարգել հանդիպել ընտրողների հետ, ներկայացնելու ծրագրերն ու ապագա անելիքները: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, չեն դիտարկվել քարոզարշավների խոչընդոտման մասսայական դեպքեր, իշխանությունների կողմից արհեստականորեն հարուցվող խոչընդոտներ՝ ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների քարոզարշավների ժամանակ, անհարկի ոստիկանական միջամտություններ, ընտրողների նկատմամբ ակնհայտ ճնշումներ, ինչպես նաև թաղային հեղինակությունների միջամտություն ընտրական գործընթացներին»,- ընդգծեց «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի մամլո քարտուղարը:

Նա տեղեկացրեց նաև, որ ԶԼՄ-ներով քարոզարշավների լուսաբանման ժամանակ պահպանվել է չեզոքություն, բացառվել է հակաքարոզչությունը, սև PR-ը, իսկ քաղաքական ուժերին հավասարապես ներկայանալու հնարավորություն է ընձեռվել:

Հ.Սարգսյանի խոսքերով՝ խրախուսելի է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներին ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից օպերատիվորեն արձագանքելու փաստը, և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աշխատանքային խմբի գործունեության ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնելու նոր պրակտիկան: «Կարևորում ենք նաև ՀՀ ոստիկանության խոստումները՝ ընտրողների ցուցակներում ճշգրտումներ կատարելու պատրաստակամությունը»,-ասաց Հ.Սարգսյանը՝ հավելելով, որ կարևոր քայլերից մեկն էլ այն է, որ այս շրջանում ոստիկանությունը քննության է առել ընդդիմության դիմումները՝ ցուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ, չնայած, որ ընդդիմության դիմումը մերժվել է այն պատճռաբանությամբ, որ ոստիկանությունը մշտապես բացակայողների ռեգիստր վարելու լիազորություն չունի և նման գործունեություն չի իրականացնում:

««Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի դիտարկման տվյալներով արձանագրել է առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատ»,- նշեց նա և ավելացրեց, որ իրենց կողմից դիտարկված որոշ թերություններ, այդ թվում՝ ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունները, որոշ մասնավոր դեպքերում թեկնածուների քարոզարշավը խոչընդոտող երևույթները, որոշ կուսակցությունների կողմից իրականացվող բարեգործությունները մտահոգության տեղիք են տվել:

«Այդուհանդերձ կազմակերպությունը խորապես համոզված է, որ Հայաստանն ունի ժողովրդավարական ներուժ և քաղաքական կամքի, քաղաքացիական գիտակցության առկայության և ընտրագործընթացներում ներառված բոլոր ուժերի զգոնության ու սթափ գործելակերպի դեպքում կարող է շտկել անցյալ ընտրություններում տեղ գտած թերությունները»,- ասաց նա և ՀԿ-ի անունից ՀՀ իշխանություններին, քաղաքական կուսակցություններին, թեկնածուներին կոչ արեց շարունակել այն դրականը, որ ձեռք է բերվել այս քարոզարշավի ընթացքում և զերծ մնալ այնպիսի երևույթներից, որոնք կարող են ստվեր գցել արդար, ազատ, ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործընթացի վրա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց