Ք. Անան. Սիրիայում տիրող իրավիճակը խիստ մտահոգիչ է
ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ խիստ մտահոգված է Սիրիայում աճող ոտնձգությունների շուրջ և նշել, որ մի շարք քաղաքներ պաշարվել են կառավարության ուժերի կողմից: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Անանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հարձակում գործելու համար ծանր զինատեսակներ է օգտագործում`ուղղաթիռներ, տանկեր:
ԱՄՆ պետդեպարտամենտն, իր հերթին, խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ և զգուշացրել, որ արդեն նշաններ կան առ այն, որ Սիրիայի կառավարությունը կարող է ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կոտորածներ իրականացնել:
Նշենք, որ Սիրիայում մեկ տարի է, ինչ շարունակվում է արյունոտ պայքարը իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև: Այս պայքարում արդեն զոհվել է 10 հազարից ավելի մարդ, այդ թվում` կանայք, երեխաներ, խաղաղ բնակիչներ: Սիրիայում ստեղծված իրադրությունը ստիպել է Քոֆի Անանին խնդրի կարգավորման նոր ծրագիր ներկայացնել:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին նրա արած առաջարկները թեև ընդունվեցին Արևմուտքի և Ռուսաստանի կողմից, սակայն չիրագործվեցին. մարտական գործողությունները շարունակվեցին: Ըստ նոր առաջարկի` պետք է ստեղծվի հատուկ «շփման խումբ», որը մշակելու է Սիրիայում իշխանության փոխանցման փոխզիջումային տարբերակ: Խմբում ներգրավված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական ներկայացուցիչ երկրները և Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու Իրանը: