Փորձագետ. Ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է

20:28 20/06/2012 » Քաղաքական

Փորձագետ. Ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է

ԼՂ հակամարտության գոտում ակտիվ ռազմական գորոծությունների վերսկսումը կարճաժամկետ հեռանկարում քիչ հավանական է: Այսօր կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան «ATJournal» համացանցային ամսագրի խմբագիր Հրաչ Գալստյանը:

«Իրական քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, ցավոք սրտի, հնարավոր է ամեն ինչ՝ սրացումներ, բախումներ և այլն: Սակայն բացակայում է որևէ իրական և բանական շարժառիթ, որը կարող է հիմք հանդիսանալ, խոշոր սրացումների համար: Պարզ է, որ նույնիսկ բախումներից հետո կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Այդ դեպքում ինչն է՞ խանգարում կողմերին` մտքում պահելով սրացումների և դրանց հետևանքների հավանականության հնարավորությունը, աշխատանք ծավալել, խնդրի՝ բացառապես խաղաղ պայմաներում լուծման համար:
Ես, որպես քաղաքագետ և որպես քաղաքականության մետաֆիզիկոս, չեմ հավատում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը»,- նշեց Հրաչ Գալստյանը` հավելելով, որ այնուամենայնիվ, պատերազմները երբեմն սկսում են ոչնչից:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում պարբերաբար կրկնվող սահմանային միջադեպերին, ապա քաղաքագետի կարծիքով, դրանք չեն նպաստում հիմնահարցի կարգավորմանը: Ավելին՝ տուժում են հասարակ մարդիկ, ինչպես մի, այնպես էլ՝ մյուս կողմից:

«Գնդակոծվում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական սահմանները, սահմանամերձ գյուղերը: Սակայն հարցի էությունը այլ է: Ինչ ենք անում մենք և մեզնից յուրաքանչյուրը այդ ամենի բացառման համար: Մեծ գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ դիպուկահարների կրակոցների և այլ գործողությունների հետևանքով հիմնահարցը չի լուծվում: Սակայն մենք լռելյայն, կամ էլ ինչ-որ գոհունակությամբ դրվատում ենք սեփական կողմի գործողությունները և հակառակը՝ պախարակում հակառակորդին՝ աղմուկ բարձրացնելով թե հասարակության ներսում, թե միջազգային ատյաններում: Ծախսվում են հսկայական ռեսուրսներ կողմերից մեկի ճշմարտացիությունը ապացուցելու համար: Այս ամենի արդյունքը ոչ թե զրոյական է, այլ շատ ավելի ցածր: Տուժում են հասարակ մարդիկ, զոհվում են երիտասարդ տղաներ, և որ ամենակարևորն է, մենք միջազգային հասարակությանը հնարավորույթուն ենք տալիս մտածել, որ մենք չենք գնահատում մարդկային կյանքը»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ սույն գործությունները ոչնչի չեն հանգեցնի:

Քաղաքագետի կարծիքով, ԼՂ հիմնահարցի էությունը կայանում է մարդկանց անվտանգության, վերջիններիս՝ սեփական տներում ապրելու իրավունքի և լիիրավ մշակութային ինքնաարտահայտման մեջ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց