Սուդանում հակակառավարական ցույցեր են

20:20 20/06/2012 » Քաղաքական

Սուդանում հակակառավարական ցույցեր են

Սուդանի մայրաքաղաքում սկսել են լայնածավալ հակակառավարական ցույցեր ` «Ժողովուրդը պահանջում է ռեժիմի տապալում» կարգախոսներով: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները` հիշեցնելով, որ հենց այս կարգախոսով են սկսվել հեղափոխությունները արաբական այլ երկրներում` Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Սիրիայում:

Սուդանում մարդիկ փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ կառավարությունը կրճատել է բյուջեի ծախսերը, ինչի հետևանքով կտրուկ աճել են սպառողական գներն ու վատթարեցել է աղքատների վիճակը: Բողոքողների հիմնական մասը ուսանողներ են:
Ըստ լրատվամիջոցների, ոստիկանությունը գործի է դրել ռետինե մահակներ, կիրառել է արցունքաբեր գազ: Ուսանողները պատասխանել են քարկոծումով: Փողոցներում ձերբակալություններ են սկսվել:

1989 թվականից երկիրը կառավարող Օմար ալ Բաշիրը օրերս հայտարարել է, որ կառավարությունը դադարեցնելու է բենզինի սուբսիդավորումը, կրճատելու է պետական համակարգի աշխատողների թիվը, բարձրացնելու է հարկերը:

Լրատվամիջոցները նշում են, որ նրա նախագահության օրոք Սուդանը մի քանի արյունալի քաղաքացիական պատերազմ է տեսել, նաև Ցեղասպանություն Դարֆուրում, կորցրել է տարածքների մեծ մասը` Հարավային Սուդանի առանձնանալու հետևանքով, այդ տարիներին Սուդանը դարձել է Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկը: Չնայած այս ամենին 2010-ի ընտրություններում հայտարարվեց նրա հերթական հաղթանակի մասին: ԿԸՀ հրապարակած տվյալներով, նա ստացել է ընտրողների ձայների 68 տոկոսը:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց