Աջարիա. Թուրքերը այստեղ կառուցում են այն, ինչ ցանկանան՝ «մզկիթներից մինչև հասարակաց տներ»

17:44 23/06/2012 » Հասարակություն

Աջարիա. Թուրքերը այստեղ կառուցում են այն, ինչ ցանկանան՝ «մզկիթներից մինչև հասարակաց տներ»

Թուրքիան աստիճանաբար իրեն է միացնում Աջարիան: Նման եզրահանգման է եկել «Վզգլյադ» պարբերականը:

Աղբյուրը նշում է, որ ըստ մի շարք փորձագետների, Աջարիայի վրա հարավային հարևանների ազդեցությունը ահռելի է. «Թուրքերը այստեղ կառուցում են այն, ինչ ցանկանան՝ մզկիթներից մինչև հասարակաց տներ»,- նշում է «Վզգլյադ»-ը:

Պարբերականը մեջբերել է վրացական ընդդիմադիր «Վրացական ժողով» կուսակցության պատգամավոր Ջոնդի Բոգատուրիայի՝ Վրաստանի խորհրդարանում հնչեցված այն խոսքերը, թե վերջին երկու տարվա ընթացքում, Վրաստանի իշխանությունները քաղաքացիություն են տրամադրել Աջարիայում բնակվող 25 000 թուրքերի:

«Այս ամենը արվել է մեր իշխանությունների կողմից լիովին գիտակցված, քանի որ երկքաղաքացիություն ունեցող այդ 25 000 թուրքերը Վրաստանի օրենսդրությամբ կարող են մասնակցել հոկտեմբերի կայանալիք խորհրդարանական ընտրություններին և, բնականաբար, ելնելով «երախտագիտությունից»` իրենց ձայնը կտան իշխանություններին»,- նշել է Ջոնդի Բոգատուրիան:

Ըստ պատգամավորի, այս հարցում վրացական իշխանությունների «դավաճանական» լռությունը կարող է հանգեցնել նրան, որ Աջարիայում տեղի կունենա այն, ինչ կատարվեց Հարավային Օսիայում և Աբխազիայում, այն է՝ սեփական քաղաքացիների անվտանգությունը ապահովելու պատրվակով այստեղ կմրցեն այս անգամ թուրքական զորքեր:

Պարբերականը նշում է, որ պատգամավորի մտահոգությունները ամենևին չափազանցված չեն: Աջարիայում թուրքերին պատկանում է գրեթե ամեն ինչ, իսկ ինքնավարության հանգստի գոտիները կամաց-կամաց վերածվում են «թուրք զբոսաշրջիկների սեռական ցանկությունները բավարելու համար նախատեսված վայրի»:

«Նույնիսկ Բաթումիի օդանավակայանն է օգտագործվում որպես ներթուրքական օդանավակայան և կառավարվում է թուրքական վարչակազմի կողմից»,- նշում է պարբերականը:

Աջարիայի թուրքական էքսպանսիայի մյուս կարևորագույն ուղղությունը կրոնականն է: Ըստ վերջին տվյալների, Աջարիայում գործում է 180 մզկիթ, 60 մեդրեսսե և կրոնական գիշերօթիկ դպրոց: Դեռ ավելին, թուրքական իշխանությունները պատրաստվում են Բաթումի կենտրոնում կառուցել Սուլթան Աբդուլ Ազիզին նվիրված ևս մեկ մզկիթ: Հատկանշական է, որ հենց սուլթան Աբդուլ ազիզն է ժամանակին Աջարիան միացրել Օսմանյան Կայսրությանը:

Ինչպես եզրակացնում է պարբերականը, պաշտոնական Անկարան Աջարիան դե ֆակտո համարում է իր տարածքը, ինչի «ամենաանմեղ» ապացույցն այն է, որ թուրքական դասագրքերում զետեղված քարտեզներում Աջարիան ներկայացված է որպես թուրքական հանրապետության մաս:

Թերթը հիշեցնում է, որ ինքնավարությունը դե ֆակտո անցավ պաշտոնական Թբիլիսիի վերահսկողությանը 2004թ, երբ Աջարիան լքեց նրա բազմամյա ղեկավար Ասլան Աբաշիձեն: Թերթը նաև հիշեցնում է, որ Աբաշիձեն հեռացավ Բաթումիից Ռուսաստանի այն ժամանակվա ԱԳ նախարար Իգոր Իվանովի ինքնաթիռով: «Ռուսաստանն այն ժամանակ հանդես եկավ գործուն միջնորդությամբ և կանխեց Վրաստանի համար հերթական հիմնահարցի մեկնարկը, ինչից հետո նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց, որ Աջարիան միշտ լինելու է Վրաստանի անբաժանելի մասը, սակայն ինչպե երևում է, դա այդքան էլ այդպես չէ»,- նշում է «Վզգլյադ»-ը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց