Հայ-իրանական հարաբերությունների օրակարգում բավական հետաքրքիր ու հավակնոտ ծրագրեր կան. Ա. Գևորգյան

13:25 04/07/2012 » Քաղաքական

Հայ-իրանական հարաբերությունների օրակարգում բավական հետաքրքիր ու հավակնոտ ծրագրեր կան. Ա. Գևորգյան

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիին:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-իրանական հարաբերությունները տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում են, և օրակարգում բավական հետաքրքիր ու հավակնոտ ծրագրեր կան, որոնց հաջող իրագործումը կարևոր նշանակություն ունի երկու երկրների համար:

Անդրադառնալով միջմարզային համագործակցությանը` փոխվարչապետը նկատել է, որ Հայաստանի որոշ մարզեր և Իրանի նահանգներ հաջողությամբ գործակցում են, սակայն այդ հարաբերությունները զարգանալու և ընդլայնվելու մեծ ներուժ ունեն:
«Այդ մակարդակում շփումները բավականին գործնական են, պայմանավորվածություններ են լինում կոնկրետ ծրագրերի շուրջ, որոնք ապահովում են կոնկրետ արդյունքներ, և դա նպաստում է նաև երկկողմ ապրանքաշրջանառության աճին»,-նշել է Ա. Գևորգյանը:

Ըստ աղբյուրի, դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը: Համաձայնելով, որ միջմարզային փոխգործակցությունը լավ հեռանկար և մեծ ներուժ ունի` նա տեղեկացրել է, որ ներկայումս ուսումնասիրում է, թե Իրանի նահանգներից որը ինչ ընդհանրություն ունի Հայաստանի մարզերի հետ` համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են նաև ԻԻՀ ներքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք առաջիկա այցի հետ կապված հարցեր:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց