Սերժ Սարգսյան. Հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը

17:48 28/08/2012 » Քաղաքական

Սերժ Սարգսյան. Հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ:

Նշելով, որ հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացել, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենում մեծ է դեսպան Գեդրյուս Ապուոկասի ներդրումը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին և հույս հայտնել, որ մեր երկրում Լիտվայի հաջորդ դեսպանը կկարողանա արձանագրված առաջընթացը պահպանել և ավելի զարգացնել:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի տնտեսական ծրագրերի նկատմամբ լիտվական ընկերությունների հետաքրքրվածության և ներդրումների մասին, նշելով, որ տնտեսական ոլորտում աստիճանաբար ակտիվացող համագործակցությունը խթանում է նաև մշակութային ոլորտում երկկողմ կապերի ամրապնդումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին Լիտվայի ցուցաբերած աջակցությունն ու եվրոպական կառույցների հետ համագործակցության հարցում փորձի փոխանակումը:

ՀՀ նախագահը և Լիտվայի դեսպանը կարևորել են հայ-լիտվական համագործակցության զարգացումը նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:
 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց