Ա.Ռուստամյան. Քառյակը փոփոխություններ է նախաձեռնել «կուտակայինի» օրենքում
Երկու ժամից ավելի տևած քառյակի հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պայմանավորվել են հայտարարել, որ քառյակը գործում է` ի հեճուկս չար գուշակողների, շարունակում է աշխատել արդյունավետ և այսօրվա նիստն էլ այդպիսինն էր:
«Որոշել ենք, որ հանդես ենք գալու նախաձեռնությամբ ` կուտակայինի օրենքում փոփոխություն կատարելու մասին: Կոնկրետ փոփոխություն ենք առաջարկելու, ինչը հնարավոր է արվի առաջիկա քառօրյա նիստի շրջանակում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ: Հուսով ենք, որ նիստը կկայանա»,- տեղեկացրեց Ա.Ռուստամյանը:
Բնական է քառյակը քննարկել է նաև նոր ձևավորվելիք կառավարությանը վերաբերող հարցեր: Ըստ պատգամավորի` մինչև քսան օր ժամկետ կա, որի ընթացքում կառավարության կազմը պետք է որոշվի, որից հետո ևս քսան օրվա ընթացքում պետք է ներկայացվի կառավարության գործունեության ծրագիրը:
«Քննարկել ենք սրան վերաբերող հարցեր և որոշել ենք այս փոփոխությունների ֆոնին ունենալ հնարավորինս միասնական որոշում, լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի: Հաջորդ նիստին, որը տեղի կունենա հաջորդ շաբաթվա մեջ, այս իմաստով ավելի հստակություն կմտցվի»,- նշեց դաշնակցական պատգամավորը` ընդգծելով, որ կուսակցությունները նաև իրենց ներսում քննարկումներ կանցկացնեն:
Ա.Ռուստամյանը ասաց նաև, որ կոնկրետ Դաշնակցության տեսակետները կհստակեցվեն ավելի շուտ, քանի որ ապրիլի 18-ին կկայանա ՀՅԴ Գերագույն Ժողովը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին