Պ. Հայրիկյան. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ՀՀ քաղաքացու իրավունքների դեմ ուղղված կամայական նախաձեռնություն է
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ներկայացված հայեցակարգը Հայաստանի քաղաքացու քաղաքական իրավունքների դեմ ուղղված և ժոդովրդավարության մակարդակը նվազեցնող կամայական նախաձեռնություն է: Ներկայացնելուվ օրերս հրապարակված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծի վերաբերյալ ԱԻՄ դիրքորոշումը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Որպես կանոն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն ծագում է, երբ այդ գաղափարը տևականորեն արծարծվում է տարբեր քաղաքական, հասարակական կամ գիտական շրջանակների կողմից, շեշտելով, թե սահմանադրական լուծման կարոտ հատկապես ինչ հիմնախնդիրներ են անտեսվել գործող Սահմանադրությամբ։ Երկրորդ տարբերակն այն է, որ պետական համակարգը դժվարությունների առաջ է կանգնում Սահմանադրության բացթողումների պատճառով, և հանրությունն դա գնահատում է որպես սահմանադրական ճգնաժամ։ Հայաստանում ո՛չ հանրային պահանջարկ կար և ո՛չ էլ սահմանադրական ճգնաժամ»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:
«Թեև պաշտոնապես ազդարարվում է, որ սա միայն նախագիծ է, սակայն ԱԻՄ համոզմամբ, նույնիսկ նախնական նախագիծը պետք է արդյունք լիներ քաղաքական և հասարակական, գիտական մասնագիտական հայտերի ու նախաձեռնութունների հրապարակային քննարկումների, որոնցից վերջինը պետք է լինի իշխանությունների և, մանավանդ Սահմանադրական դատարանի անդամների ներկայացրած առաջարկները։
Մատուցվող հայեցակարգում հիշատակվում են ՀՀ նախագահը, Ազգային ժողովը, վարչապետը, սակայն բացակայում է Հայաստանի քաղաքացին` այն հիմնական դեմքը, ում համար գործում է Սահմանադրութունը։ Եվ ամենակարևորը, չի երևում մի փոփոխություն, որ արված լինի քաղաքացու իրավունքներն ընդլայնելու կամ ամրագրելու նպատակով»,- հավելեց բանախոսը: