Եվրախորհրդարանը դատապարտում է Քեսաբի վրա իրականացված հարձակումները
Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել Սիրիայում վերջին շրջանում արձանագրված միջկրոնական և ազգամիջյան բռնությունների վերաբերյալ: Խորհրդարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ«Սիրիա. իրավիճակը որոշ խոցելի համայնքներում» կոչվող բանաձևում անդրադարձ կա նաև հայկական Քեսաբ քաղաքի վրա իրականացված հարձակումներին ու հարկադիր տեղահանությանը:
Եվրախորհրդարանը «դատապարտում է Քեսաբ հայկական քաղաքի վրա իրականացված հարձակումը, խրախուսում է տեղական ջանքերը, որոնք միտված են դադարեցնելու միջկրոնական բռնություններն ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ինչպես նաև քրդական բնակավայրերում, կոչ է անում սիրիական ներկայիս և ապագա իշխանություններին հուսալի և արդյունավետ պաշտպանություն ապահովել խոցելի համայնքների համար, ապահովել նրանց անվտանգ վերադարձը սեփական տներ, միաժամանակ երաշխավորելով, որ հարձակումներ իրականացնողները կպատժվեն օրենքով նախատեսված կարգով», - ասված է բանաձևի տեքստում: