Նարեկ Գալստյան. ՕԵԿ-ի խնդիրն է լինելու՝ քննադատել նոր ձևավորվող կառավարությանը (տեսանյութ)
ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից հետապնդում է մեկ խնդիր՝ քննադատել նոր ձևավորվող կառավարությանը: Ասուլիսում նման դիտարկում արեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Ըստ նրա, «հրաշալի քառյակը», որն անձնավորված խնդիր էր հետապնդում, այլևս Հովիկ Աբրահամյանի կառավարությանը չի քննադատելու այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանի, իսկ ՕԵԿ-ը լրացնելու է այդ բացը:
«Քառյակի գործունեությունն ուներ հստակ անձնավորված բնույթ: Խնդիրը լուծված է, դրանից հետո ամեն մեկն ունի իր քաղաքական առաջնահերթությունը»- ասաց Ն. Գալստյանը:
Պատասխանելով հարցին, թե քառյակը կշարունակի՞ իր գործունեությունը, նա ասաց, որ դա քաղաքացիներին չի հետաքրքրում:
«Քառյակի մեջ ընդգրկված ուժերը, բացի «Ժառանգությունից», ժամանակին եղել են իշխանության մեջ, կարող էին այն ժամանակ դրսևորել իրենց»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը: