Հովիկ Աբրահամյանի աշխատանքն արդյունավետ է լինելու. Լեռնիկ Ալեքսանյան
«Նոր վարչապետի աշխատանքից դրական սպասելիքներ ունեմ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը:
Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ աշխատել են միասին՝ Արարատի մարզում և, կարծում է՝ շատ վատ է, որ հենց սկզբից նույն ընդդիմադիրները վարչապետի նկատմամբ բացասական լիցքեր են բերում:
«Այն կարծիքին եմ, որ վարչապետի, պաշտոնյաների դերում տարբեր իրավիճակներում տարբեր մարդիկ են պետք: Հովիկ Աբրահամյանը ունի մեծ կազմակերպչական ջիղ, հեռատեսություն և ամենակարևորը` փորձ: Եւ այս իրավիճակում մեզ հենց այդպիսի մարդ է պետք: Նրա աշխատանքն արդյունավետ է լինելու»,- ասաց Լ.Ալեքսանյանը` հավելելով, որ կարճ ժամանակում հասարակությունը կհամոզվի, որ Հ.Աբրահամյանի օրոք արագ և օպերատիվ լուծում են ստանում առկա խնդիրները:
Անդրադառնալով «Դ!եմ եմ» նախաձեռնության ակցիայի մասնակիցների հետ վարչապետի հանդիպմանը, Լ.Ալեքսանյանը կարևորեց այն` նշելով, որ Հովիկ Աբրահամյանը առանց վարանելու մտնում է այն խնդիրների մեջ, որոնց լուծումն ամենադժվարն է:
«Ես դրական եմ համարում, որ նա միանգամից մտնում է խնդիրներ մեջ: Նա բոլոր հարցերում հետևողական է, իսկ ժողովրդին պիտի լսեն, երբեմն էլ պիտի կոշտ բաներ ասվեն, նոր վարչապետն այդ ձևով աշխատում է և աշխատելու է»,- ընդգծեց Լ.Ալեքսանյանը:
Հարցին, թե ԱԺ նախագահի պաշտոնին ում է տեսնում, նշեց, որ հավակնողների անուններ չի կարող տալ:
«Կարծում եմ՝ թեկնածուներ ունենք, բոլորն էլ արժանի են: Եթե կա քաղաքական թիմ, եթե անձը վայելում է վստահություն, կաշխատի»,- ասաց նա: