Մերկելի կուսակցությունում սխալ են համարում ԵՄ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության տնտեսական խորհուրդը քննադատում է ուկրաինական ճգնաժամի հետ կապված Եվրամիության քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին «Deutsche Welle» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության տնտեսական խորհրդի նախագահ Կարլ Լաուկը:
«Վերջին 25 տարվա ընթացքում Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում ռուսական քաղաքականությունը եղել է չափազանց հստակ: Լեհաստանի, Հունգարիայի և անգամ բալթյան երկրների դեպքում Մոսկվան համաձայնեց՝ ասելով «բայց ոչ ավել»: Եվ Ուկրաինայի դեպքում այդ հանգամանքը հաշվի չի առվել»,- նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակից Կարլ Լաուկը:
Նա առաջարկել է Ուկրաինայի տնտեսական առողջացման շուրջ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ: Նրա կարծիքով՝ Ուկրաինան գտնվում է պետական սնանկացման եզրին, և երկրի ֆինանսական առողջացմանը կարող է նպաստել միայն Ռուսաստանի ու Եվրամիության համատեղ աշխատանքը:
Միաժամանակ նա բարդ է համարել այն գործընթացը, որով Միջազգային արժութային հիմնադրամը հարկատուների հաշվին ֆինանսական աջակցություն կտրամադրի սնանկացած պետությանը, երբ Կիևի նոր կառավարությունը միանգամից այդ գումարները կփոխանցի Մոսկվա՝ ռուսական գազի պարտքը մարելու համար: