Լեհաստանի նախագահ. Ռուսաստանը փորձում է մաս-մաս անել Ուկրաինան
«Դաշնայնացումը վտանգավոր է Ուկրաինայի համար, անգամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է դրանում տեսել աղետի հեռանկար ուկրաինական պետականության համար»,- այս մասին «Зеркало недели» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Նա խորհուրդ է տվել Ուկրաինային չհամաձայնել երկիրը դաշնայնացնելու ռուսական առաջարկությունների հետ: Լեհաստանի նախագահի խոսքով՝ Ժնևում տեղի ունեցած քառակողմ բանակցությունները ցույց են տվել, որ Ռուսաստանը համաձայնել է, որ Ուկրաինան չի դաշնայնացվի, այլ կլինեն տեղական ինքնակառավարման խորը բարեփոխումներ:
«Սատանան թաքնված է մանրուքների մեջ, և տեղական ինքնակառավարման մասին ուկրաինական ներքին բանավեճերում կարող են առաջ քաշվել Ռուսաստանին շահեկան գաղափարներ: Տեղական ինքնակառավարման բարեփոխումների լեհական հայեցակարը հակաթույն է դաշնայնացման կամ ինքնավարության գաղափարների դեմ: Տեղական ինքնակառավարումը մեծ հնարավորություն է Ուկրաինայի համար, թե ինչպես խուսափել ռուսական սրից, որը ցանկանում է մաս-մաս անել Ուկրաինան դաշնության կամ ինքնավարության սկզբունքով»,- նշել է Լեհաստանի նախագահը:
Վերջինս հավելել է, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել Ուկրաինային այդ բարեփոխումների գործընթացում, և լեհ փորձագետներն արդեն ակտիվ աշխատում են ուկրաինացիների հետ՝ մշակելու Ուկրաինայի ապակենտրոնացման հայեցակարգ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում սկիզբ են առել զանգվածային բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են կամ Ուկրաինայի դաշնայնացում, կամ Ղրիմի օրինակով մտնել Ռուսաստանի կազմի մեջ:
Ապրիլի 17-ին Ժնևում կայացել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և Ուկրաինայի արտգործնախարարների քառակողմ հանդիպում, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Կողմերը համաձայնության են եկել, որ Ուկրաինայում պետք է տեղի ունենա լայն ազգային երկխոսություն և բոլոր տարածաշրջանների մասնակցությամբ մեկնարկի երկրում սահմանադրական բարեփոխումների գործընթաց:
Նախորդող՝
Արևմուտքն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում