Ամերիկայի հայկական համագումար. Թուրքիան Էրդողանի շուրթերով հնչեցրեց իր առաջին ցուցադրական ցավակցական ուղերձը
«Ինչպես և սպասվում էր, Թուրքիան Էրդողանի շուրթերով հնչեցրեց իր առաջին ցուցադրական ցավակցական ուղերձը հայերիս: Ազգային համախմբման այս օրերին առավել անհեթեթ և ծիծաղելի հնչեց նրա` համերաշխության և ապագայի համատեղ կառուցման կեղծավոր կոչը: Հայոց ցեղասպանության սարսափելի իրողությունը Էրդողանի կողմից, ըստ էության, մատուցվեց ընդամենը որպես Առաջին Համաշխարհային պատերազմի անխուսափելի մի դրվագ` ի թիվս օսմանյան այլ ազգերի հետ կատարված ցավալի դեպքերի»,- հայտարարում է Ամերիկայի հայկական համագումարը՝ արձագանքելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այսօրվա հայտարարությանը:
Համագումարի հայտարարության մեջ նաև նշված է .«Թուրքիան պիտի հաշտվի այն մտքի հետ, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը վաղուց արդեն անդառնալի է դարձել և պայմանավորված է զուտ ժամանակի գործոնով: Համաշխարհային հանրության աճող ճնշմամբ պայմանավորված` այս յուրօրինակ «խոստովանությունը» դրա վառ ապացույցն է: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պիտի դադարեցնենք համազգային հետևողական աշխատանքը բոլոր հնարավոր ուղղություններով: Հակառակը` օգտագործելով հայկական լոբբիստական կառույցների երկարատև և հետևողական աշխատանքի արդյունքում ձևավորված քաղաքական և բարոյահոգեբանական բարենպաստ միջազգային ֆոնը, այսուհետ պետք է առավել ակտիվ հնչեցնենք նաև հատուցման գաղափարը:
Իսկ ինչ վերաբերում է մեր պարտքի հատուցմանը Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ապա հարգանքի լավագույն դրսևորումը կլինի մեր սեփական երկրում կարգ ու կանոն հաստատելը: Մինչև իսպառ չվերացնենք կոռուպցիան, տնտեսական մենաշնորհն ու համատարած անարդարությունը, համաշխարհային հանրության կողմից չենք ընկալվի որպես արժանի և հավասար դերակատար»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ