Չինական ներդրումները Ղրիմում կսրեն Պեկինի և Արևմուտքի հարաբերությունները
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ չնայած ուկրաինական ճգնաժամին Մոսկվան և Պեկինը շարունակելու են իրենց համագործակցությունը Ղրիմում նավահանգստի և «Սիբիրի ուժը» գազամուղի շինարարության հետ կապված:
Ղրիմում 25 մետր խորությամբ նավահանգիստը կառուցվելու է Ֆրունզե ավանի մոտ և ունենալու է 20 միլիոն տոննա տարողունակությամբ ցորենի պահեստարան:
Չիժովը նշել է, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին չի խոչընդոտի այդ նախագծի կյանքի կոչմանը, որի արժեքը կազմելու է 3 միլիարդ դոլար:
Անդրադառնալով չինական կողմի հետ իրականացվող «Սիբիրի ուժ» խոշոր գազային նախագծին ԵՄ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը նշել է, որ այն թույլ կտա տարեկան 60 միլիարդ խմ գազ տեղափոխել դեպի Հեռավոր Արևելք, այդ թվում 38 միլիարդ խմ գազ արտահանել դեպի Չինաստան:
Իր հերթին, ՌԴ-ի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ չինական բիզնեսը հետաքրքրված է ՌԴ-ի նոր տարածքներում՝Ղրիմում և Սևաստոպոլում ներդրումներ իրականացնել, այդ թվում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում:
Չինաստանը ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր բավականին զգուշավոր դիրքորոշում էր որդեգրել Ղրիմի հարցում:
Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի բոլոր կողմերը պետք է գործեն հանգիստ և զուսպ, որպեսզի խուսափեն լարվածության աճից:
Մինչ այդ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին էր անդրադարձել Չինաստանի արտգործնախարար Վան Ին: Նա հայտարարել էր, որ Պեկինը կոչ է անում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել քաղաքական ճանապարհով: «Չինաստանը պատրաստվում է կառուցողական դերակատարում ունենալ ուկրաինական խնդրի քաղաքական լուծման գործում»,-նշել էր Չինաստանի արտգործնախարարը:
Չինաստանը մինչև ուկրաինական ճգնաժամի ծագումը բավականին ակտիվ առևտրա-տնտեսական և ռազմա-քաղաքական հարաբերություններ էր զարգացնում Ուկրաինայի հետ: Պեկինը Ուկրաինայում ուներ իր հստակ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը:
2013թ.-ին դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետական այցով գտնվելով Պեկինում չինական կողմի հետ ստորագրել է 20-ից ավել համաձայնագրեր: Վ. Յանուկովիչը նշել էր, որ իր այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերը թույլ կտան Ուկրաինային ներգրավել 8 միլիարդ դոլարի հասնող չինական ներդրումներ:
Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայության տվյալներով, 2013թ.-ին երկրի ամենախոշոր առևտրային գործընկերներ են Ռուսաստանը՝38.2 միլիարդ դոլար, Չինաստանը՝10.6 միլիարդ դոլար և Գերմանիան՝8.4 միլիարդ դոլար: Ուկրաինան Չինաստանի հետ առևտրային հաշվեկշռում ունի 6 միլիարդ դոլարի հասնող բացասական սալդո, այսինքն, Կիևը ավելի շատ ապրանքներ է գնում Չինաստանից, քան թե վաճառում:
Ուկրաինայում Չինաստանի դեսպան Չժան Սիյունը այդ երկրի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Չինաստանը ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Չինական կողմից դեռևս արձագանքներ չկան Չիժովը հայտարարությանը: Պեկինը հնարավոր է զերծ մնա ներդրումներից՝ չցանկանալով վատթարացնել հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ հետագայում այդ երկրում ավելի մեծածավալ ներդրումներ կատարելու համար: Բացի այդ, եթե Չինաստանը ներդրումներ կատարի Ղրիմում, որը Արևմուտքի կողմից դիտվում է որպես օկուպացված տարածք և նրանք չեն ճանաչում թերակղզու ՌԴ-ին միանալու լեգիտիմությունը, Պեկինը իր ներդրումներով կարող է ցույց տալ իր ռուսամետ դիրքորոշումն ու վատթարացնել հարաբերությունները Արևմուտքի հետ:
Անդրադառնալով Ղրիմի հարցում Չինաստանի զգուշավոր դիրքորոշմանը Մոսկվայի պետական համալսարանի միջազգային քաղաքականության ֆակուլտետի դեկան, ՌԴ-ի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Անդրեյ Կոկոշինը նշել է, որ Չինաստանը հետաքրքրված է ՌԴ-ում ներդրումներ իրականացնելու մեջ:
Նրա խոսքերով, Չինաստանը կարող է դիմագրավել նաև Արևմուտքի պատժամիջոցներին, որ նրանք խոստացել են կիրառել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք ներդրումներ կկատարեն Ղրիմում:
Ա.Կոկոշինի կարծիքով, հաշվի առնելով եվրոպական պետությունների մեծ կախվածությունը չինական տնտեսությունից, Պեկինը կարող է անտեսել Արևմուտքի սպառնալիքները:
Արտյոմ Բալասանով
Նախորդ հրապարակում՝
Թայվանի խնդիր ունեցող Չինաստանը զգուշանում է Ղրիմի հանրաքվեից