Լիտվայի պաշտպանության նախարարը վստահ է՝ հայ-լիտվական միջպետական փոխհարաբերությունները առավել կընդլայնվեն
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանn այսօր հանդիպել է Երևանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, և կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու և խորացնելու համար: Նա հավելեց, որ Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն իր կարևոր լուման ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացում։
Նախարար Օլեկասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ հայ-լիտվական միջպետական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վստահություն հայտնել, որ դրանք առավել կընդլայնվեն։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: