Ալեքսանդր Տուրչինովը պահանջել է վերսկսել հակաահաբեկչական գործողությունները Ուկրաինայում
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է երկրի արևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողությունները վերսկսելու մասին: «UNN» գործակալության տեղեկացմամբ, այս մասին ասված է Գերագույն Ռադայի տարածած հաղորդագրության մեջ:
«Պահանջում եմ ուժային կառույցներից վերսկսել և իրականացնել արդյունավետ հակաահաբեկչական միջոցառումներ, որոնք միտված են պաշտպանելու արևելյան շրջաններում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին ահաբեկիչներից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, ապրիլի 18-ին Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը Զատիկի տոնի կապակցությամբ ժամանակավորապես դադարեցրել էր հակաահաբեկչական գործողությունները:
Տուրչինովը նախօրեին տեղեկացրել է Սլավյանսկում իրավիճակի լարման մասին, մասնավորապես իրավապահների կողմից հայտնաբերվել է երկու դի, որոնցից մեկը Բատկիվշինա կուսակցության անդամ, Ուկրաինայի դաշնայնացմանը դեմ հանդես եկած Վլադիմիր Ռիբակն է, ով, ըստ ուկրաինական իշխանությունների, օրեր առաջ առևանգվել էր ահաբեկիչների կողմից:
Տուրչինովը երկրի արևելյան շրջաններում տիրող իրավիճակի համար հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը:
«Այդ հանցագործություններն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության լիակատար աջակցությամբ ու թողտվությամբ», - ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում