Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Ստամբուլում է. Արմեն Մարտիրոսյան
«Հայաստանը որպես պետություն պետք է փորձի իր շահերը սպասարկել, պետք է լինի այնպիսի պետություն, որի հետ ցանկանում են գործընկերային հարաբերություններ հաստատել, որովհետև գիտեն, որ անկախ պետություն է և ի զորու է ինքնուրույն քայլեր անել»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Հայաստանն իր շահը չպետք է ստորադասի որևէ այլ երկրի շահից և չսպասարկի այլոց շահերը. «Ցեղասպանության ճանաչման հզոր ալիք չենք կարող ակնկալել այս պայմաններում»:
Ըստ նրա` եթե ինչ որ հաջողություններ լինեն, ապա դրանք կլինեն սփյուքի աշխատանքի շնորհիվ: Որևէ մեկը իր արտաքին քաղաքական շահը չի վտանգի կախվածություն ունեցող որևէ այլ պետության համար:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը` նա դրական որակեց դրա առկայությունը, սակայն բովանդակությանը տվեց խիստ բացասական գնահատական: Նշեց, որ դա նույն ժխտողական քաղաքականությունն է:
Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Ստամբուլում է, որտեղ մասնակցում է ցեղասպանության վերաբերյալ կոնֆերանսի:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: