ՌԴ դեսպան. Հարկավոր է հստակ գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին
«Մենք պետք է միշտ հիշենք մեր պատմությունը, քանի որ առանց պատմության ու անցյալի չկա ապագա»,-Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով, հարկավոր է հստակ գնահատական տալ այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել. «Դա իսկապես ողբերգություն է և ոչ միայն հայության համար, այլև Եվրոպայի և ամբողջ մարդկության համար»:
Ի.Վոլինկինը նաև հավելեց, որ անհրաժեշտ է հնարավորինս շատ խոսել այդ մասին, որպեսզի նման ողբերգություն այլևս երբեք չկրկնվի:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: