Չկա մի ամերիկացի, ով չգիտի ցեղասպանության մասին. Էդ Ռոյս
«Մենք այստեղ ենք, նշանակում է, որ ճանաչում ենք ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մեր նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, ով առանձնացրել է խնդրի կարևորությունն ու մեծությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը, ով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ու ամերիկացի մի քանի կոնգրեսականների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նա նշեց, որ իրենց երկրի դասագրքերում նշված է Հայոց ցեղասպանության փաստը, նշված է նաև Հիտլերի խոսքերը՝ իսկ ով է հիշում հայերի ցեղասպանության, բնաջնջման մասին:
«Չկա մի ամերիկացի, ով չգիտի ցեղասպանության մասին»,- շեշտեց Էդ Ռոյսը:
ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակության անդամ Էլլիոթ Լանս Էնգելն (Նյու Յորքից) ասաց, որ ամերիկյան ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, կարծում է, որ թուրքը ևս պետք է ընդունի այս փաստերը:
«Ամերիկայում ունենք ակտիվ, կենսունակ ամերիկահայ համայնք: Նրանք բարձրաձայնել են այս խնդիրները: Մենք եկել ենք այստեղ զորակցություն հայտնելու հայ ժողովրդին: Եթե նայում ենք առաջ, չենք կարող չընդունել նաև անցյալի փաստերը: Մենք ուզում ենք, որ հայ ժողովուրդն իմանա, որ մենք իրենց կողքին ենք այս հարցի շուրջ»,- ասաց նա:
Ռոդ Այլենդ նահանգից կոնգրեսական Դեյվիդ Սիսիլին ասաց. «Ինձ համար պատիվ է այսօր գտնվել այստեղ: Այսօր այստեղ ենք ճանաչելու և մեր գնահատականը տալու 1,5 միլիոն զոհերի հիշատակին, տուրք մատուցելու հայ ժողովրդի տոկունությանը, կամքին, որ կարողացել է դիմակայել այս իրավիճակին: Մենք պատրաստ ենք զորավիգ լինել հայ ժողովրդին»:
Էդ Ռոյսն ասաց, որ իրենք Հայաստանում են ոչ միայն խոսելու ցեղասպանության մասին, այլ քննարկելու, թե ինչ անել, որ Հայաստանի հետ ավելի խորանա առևտրային և ներդրումային հարաբերությունները, ամերիկահայերի ջանքերով կարողանան այնպես անել, որ Հայաստանը քարտեզի վրա առավել նշանակալի տեղ զբաղեցնի:
«Փորձում ենք քայել ձեռնարկել, որպեսզի փոխայցելությունները շատ լինեն, ավելի շատ գործարար կապեր հաստատվեն»,- ասաց նա:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: