Յուսուֆ Հալաչօղլու. «Էրդողանը չի կարող նախագահ լինել, քանի որ չունի բավարար բարձրագույն կրթություն»
Թուրքիայի նախագահական ընտրություններին գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության հավանական առաջադրումը տարբեր մեկնաբանությունների ու քննարկումների նյութ է դարձել սոցմեդիայում, Թուրքիայի հասարակական ու քաղաքական շրջանակներում:
Թուրք պատմաբան, ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն անհնար է համարել Էրդողանի` հանրապետության նախագահ ընտրվելը, քանի որ նա չունի անհրաժեշտ բարձրագույն կրթություն:
«Բեյազ TV» հեռուստաալիք եթերից հանդես եկած ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ, ըստ օրենքի, երկրի նախագահ ընտրվելու համար հարկավոր է առնվազն քառամյա բարձագույն կրթություն, իսկ Էրդողանի բարձրագույն կրթությունը եռամյա է, նա ընդամենը 3 տարի է սովորել տնտեսագիտության ֆակուլտետում: Դա նշանակում է, որ Էրդողանը չի կարող առաջադրվել նախագահի թեկնածու, առավել ևս` ընտրվել:
Ի պատասխան Հալաչօղլուի այս դիտարկմանը` Էրդողանի ղեկավարած կուսակցության պատգամավոր Մեհմեթ Մեթիներն ասել է, որ Էրդողանը քվեների 70 տոկոսանոց առավելությամբ է ընտրվելու նախագահ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում