Ա. Ռուստամյան. Այսպես տնավարի չի կարելի մոտենալ կառավարության փոփոխությանը (տեսանյութ)
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կառավարության ծրագրին դեմ է քվեարկելու, քանի որ նախորդ կառավարության ծրագրի հետ համեմատելով, որևէ փոփոխություն չկա. «Իսկ նախորդ կառավարության քաղաքականությունից մենք դժգոհ էինք»: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա, նախորդ կառավարության նկատմամբ անվստահություն հայտնած քաղաքական ուժերը մատնանշել էին, թե ինչով է ձախողված ու ինչ լուծումներ են առաջարկում, սակայն նոր ծրագրում դրանց վերաբերյալ որևէ արձանագրված կետ չկա: Բացի այս, կառավարության ծրագրում ընդգրկված չեն ՀՅԴ-ի առաջարկությունները:
«Ուզում եմ հավատալ, որ եթե ծրագրում ներառված դրույթները լիարժեք իրականացվեն, լավ տեղ կտանեն: Բայց թույլ տվեք կասկածել, որ այդ սկբունքները կենսունակ կարող են լինել: Իրատեսական չի կարող լինել մի ծրագիր, որը շրջանցում է գլխավոր մարտահրավերը, խուսափում է իրերն իրենց անունով կոչելուց: Ծրագիրը չի կարող խստապահանջ լինել, որտեղից բացակայում են այն գործիքներն ու մեխանիզմները, որոնք կարող ենք երաշխավորել թափանիցկ և վստահելի վերահսկողություն»,- ասաց Ա. Ռուստամյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը նաև նշեց, որ ԱԺ-ում այս օրերին ծավալված քննարկումների ընթացքում որևէ անդրադարձ չեղավ ամենակարևոր հարցին՝ ինչո՞ւ փոխվեց կառավարությունը:
«Սա մեր հարցը չէ, իշխանությունների հարցն է, իրենք պետք է սպառիչ քաղաքական պատճառաբանություն տան այս փոփոխության հետ կապված: Այսպես տնավարի չի կարելի մոտենալ: Եթե լավն էր, թող մնար, եթե փոխում եք, տրամաբանական է, որ պետք է առաջընթաց ապահովել, պետք է հստակ նշվել, թե որոնք են բացասական երևույթները, սխալները, թերությունները, որոնք դրականը: Բացասականի և սխալների դեմ ինչպիսի պայքարել, ինչպես անել, որ դրականը պահպանենք և զարգացնենք: Այսպիսի պատասխաններ չի հնչել: Լուրջ, սպառիչ քաղաքական քննարկում խորհրդարանում տեղի չունեցավ»: