Վ.Սարգսյան. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն աճել է
2013թ-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ նախագահին է դիմել 21 հազար անձ: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ներկայացնելով կառույցի հաշվետվությունը հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Հաշվետվության ներկայացումից հետո դիմելով Վ.Սարգսյանին ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը հետաքրքրվեց` կարո՞ղ է ներկայացնել աշխարհագրությունը, թե հատկապես որ երկրներից են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և շատ են դրանց թվում, օրինակ, Սիրիայից անձինք:
Վ.Սարգսյանը նախ նշեց, որ շատ կատարելագործվել է դիմումատուի կողմից իր դիմումին հետևելու կանոնակարգը, նաև կրկնակի կրճատվել է դիմումն ուսումնասիրելու ժամանակահատվածը: Ինչ վերաբերում է աշխարհագրության վերաբերյալ հարցադրմանը, ապա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց. «Երկքաղաքացիության ինստիտուտը չենք դիտարկում այն կտրվածքով, թե դիմումատուն որ մեկ այլ երկրի քաղաքացի է հանդիսանում: Մեզ համար նա ՀՀ քաղաքացի է»:
Ինչ վերաբերում է այս տարվա ցուցանիշներին և հարցին` կարելի է արդեն այս պահին ասել այս տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները աճ կգրանցեն թե ոչ, Վ.Սարգսյանն ասաց, որ այս պահին ձեռքի տակ չունի տվյալներ, բայց հետևելով այս պահի դինամիկային կարող է ասել, որ աճ կլինի: