Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտության դեպքում կպատասխանի Տեր-Պետրոսյանին
«Ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ մամուլին, կծանոթանամ, եթե անհրաժեշտություն լինի` կարձագանքեմ»,- այսօր Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօր հրապարակած հոդվածին:
Լրագրողը հստակեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է, թե Հովիկ Աբրահամյանը առանցքային դեմքերից է երկրի թալանի և ընտրակեղծարարության, դրա համար էլ նշանակվել է ՀՀ վարչապետ, Աբրահամյանն արձագանքեց. «Առաջին մասով համաձայն եմ, բայց երկրորդ մասում չարաչար սխալվում է»:
Լրագրողի մյուս դիտարկմանը, թե այնուամենայնիվ Կոնգրեսը խստացրել է դիրքորոշումը ու կոպտացրել բառապաշարը, Աբրահամյանն արձագանքեց. «Ճիշտն ասած առիթը չեմ տեսնում և պատճառը` նույնպես: Բայց կփորձեմ անպայման ծանոթանալ ու եթե անհրաժեշտություն լինի պատասխանել»:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում նաև նշել էր. «շրջանառության մեջ է դրել Կուտակային կենսաթոշակային հիմնադրամի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» լինելուն վերաբերող իդիոտիզմը»։
Այս առնչությամբ վարչապետն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ ՀՀ առաջին նախագահը նման լեքսիկոնով կխոսի: Ես չեմ ծանոթացել, թույլ տվեք ինքս ծանոթանամ և կպատասխանեմ»: