Անրի Ռենո. Դիվանագիտության որդեգրած կանոնները մամուլի կանոնները չեն
«Հայաստանն ու Ադրբեջանը երբ պատրաստակամություն հայտնեն հանդիպել նախագահների մակարդակով, Ֆրանսիան իր կողմից առաջարկած անհրաժեշտ միջոցները կձեռնարկի: Հանդիպման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Հիշեցնենք, որ մայիսի 12-13-ին ՀՀ պետական այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը պատրաստակամություն էր հայտնել Ֆրանսիայում կազմակերպել ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շփման գծում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի պարագայում հնարավոր է նպաստավոր պայմաններ ստեղծել, դեսպանն ասաց. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկնարկային փաստաթուղթը մադրիդյան սկզբունքներն են, որոնց մեջ ներառված են երեք կետ, այդ թվում՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից: Հենց այս պատճառով էր, որ սկսած 2009 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձրագույն ղեկավարների մակարդակով բացմիցս կոչեր են հնչեցրել, հորդորել երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, հարգել մադրիդյան այդ սկզբունքքը»:
Իսկ թե ինչո՞ւ հստակ չի նշվում այն կողմը, ով խախտում է հրադադարի ռեժիմը և մի՞թե դա չի բերում, որ հրադադարի խախտման դեպքերն ավելի պարբերական են դառնում, դեսպանը պատասխանեց. «Դիվանագիությունը, ինչպես մարդկային կազմակերպված ցանկացած կանոններ, ի կատար ածվելու համար կան հստակ կանոններ: Հենց այս սահմանված կանոնները պահպանելով է, որ քաղաքական բարձրաստիճան այրերն արտահայտում են իրենց կարծիքը: Կան խաղի կանոններ, որոնք ընդունված են բոլոր երկրների կողմից, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի: Հասկանում եմ ձեր հարցը, բայց դիվանագիտության որդեգրած կանոնները մամուլի կանոնները չեն»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, ինչպես ասել էր ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմ Ուորլիքը, Ա. Ռենոն ասաց. «Ցանկացած բանակցային գործընթաց բեղմնավոր լինելու համար, նախնական շրջանում պետք է պահպանվի գաղտնիությունը: Ես որպես Ֆրանսիայի դեսպան, ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանում տալու այդ հարցին»:
Դեսպանն այն համոզմանն է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի այլընտրանքային լուծում, քան խաղաղ ճանապարհը: