Առաջին նախագահի պատվավոր տիտղոսն ու պատմական հմայքը խանգարում են առողջ բանականությանը. Ա.Զաքարյան
ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը facebook-յան իր էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին` նշելով, որ հետևությունները միայն այդ հարցազրույցի արդյունք չեն:
«Ցավոք այդ գործիչը իր վերաիմաստավորման ողջ փորձաշրջանը տապալելով հանդերձ, տապալում է նաև «նախկին նախագահ» բարձր առաքելությունն ու ինստիտուցիոնալ ընկալումները:
Այն, որ Տեր-Պետրոսյանը կարող է բավարար ինֆորմացիա չունենալ, դա հասկանալի և պարզ է իր այսպես կոչված հրատապ հարցազրույցից: Այդ պատճառով էլ հարցազրույցում քիչ չեն իրականությունից հեռու հայտարարությունները: Բայց, որ մեր երկրի առաջին նախագահը իրավունք ունի գավառական մեթոդաբանությամբ, առանց բավարար տեղեկատվության, հաշվի չառնելով օրեցօր փոփոխվող և վտանգներով ու սպառնալիքներով հարստացող արտաքին աշխարհի գործոնները` զբաղվել վերլուծությամբ, դա համարում եմ անընդունելի նույնիսկ սկսնակ գործիչների համար:
Հաջորդ հետևությունս էլ ավելի անմխիթարական է: Տեր -Պետրոսյանը պատասխանատու պահին անպատասխանատու և չարախնդացող գործչի տպավորություն է սկսում թողնել: 1998-ին ամենապատասխանատու պահին հրաժարական տվեց ու հեռացավ չարախնդալով: 2008-ին հետընտրական դժվար ու պատասխանատու պահին անպատասխանատու քաղաքական վարքով ու հայտարարություններով փաստի առաջ կանգնեցրեց ու անօրինական գործողությունների մղեց իր թիմին ու ընտրողներին:
Այսօր, երբ երկիրը գտնվում է նոր ինտեգրացիոն հեռանկարների ու համագործակցության բազմակողմ հնարավորությունների պատասխանատու ճանապարհին, իր մեջ «ուժ է գտել» անհիմն հայտարարություններ անել ու անօգուտ եզրակացությունների գալ: Ստացվում է, որ առաջին նախագահի պատվավոր տիտղոսն ու պատմական հմայքը որոշ դեպքերում կարող է խանգարել առողջ բանականությանը»:
Հարակից հրապարակում`
Հրատապ հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ. iLur.am