Պորոշենկո. Ուկրաինան կարող է դիմել ԱՄՆ-ին դաշնակից պետության կարգավիճակ ստանալու խնդրանքով
Ուկրաինան կարող է դիմել Միացյալ Նահանգներին առանց ՆԱՏՕ-ին անդամակցության իրեն գլխավոր դաշնակցի կարգավիճակ շնորհելու խնդրանքով: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոշորենկոն «ՍԻԷնԷն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Անհրաժեշտ է օգտագործել ցանկացած հնարավորություն երկրում լարվածությունը թուլացնելու համար: Եթե դրան կնպաստեն պատժամիջոցները, ապա դրանք անհրաժեշտ է կիրառել: Եթե պատժամիջոցներն անօգուտ լինեն, ապա անհրաժեշտ է դիմել ամերիկյան կոնգրեսին, որպեսզի մեզ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս հատուկ գլխավոր դաշնակից պետության կարգավիճակ տրամադրի, որով այժմ օժտված են Իսրայելը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆիլիպիններն ու ԱՄՆ այլ գործընկեր պետություններ», - ասել է Պորոշենկոն:
«Գլխավոր դաշնակից» կարգավիճակը ենթադրում է կողմերի միջև սերտ ռազմավարական ու ռազմական փոխգործակցություն, սակայն չի ենթադրում Միացյալ Նահանգների կողմից պաշտպանության ու անվտանգության ոլորոտում երաշխիքներ, որը գործում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ին անդամ պետությունների միջև:
Նույն հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե իր երկրում ստեղծված իրավիճակը սպառնում է համաշխարհային անվտանգությանը, այդ իսկ պատճառով ճգնաժամի կարգավորման ջանքերը պետք է իրականացվեն միջազգային մակարդակով, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
Պորոշենկոն խոսել է նաև օրեր առաջ Ուկրաինայում կործանված Բոինգ 777 օդանավի մասին, հերթական անգամ այն բնութագրելով որպես «ահաբեկչական գործողություն», միաժամանակ համեմատականներ անցկացնելով 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին (9/11) ամերիկյան քաղաքների վրա իրականացված ահաբեկչական գործողությունների հետ: