Գերագույն Ռադան օրենք է ընդունել, որը հնարավորություն կընձեռի լուծարել Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը
Ուկրաինայի Գերագույն Ռադան փոփոխություններ է անցկացրել խորհրդարանի կանոնակարգ օրենքում, համաձայն որոնց Ռադայի խոսնակին իրավասություն է շնորհվում լուծարելու Կոմունիստական կուսակցության խմբակցությունը: Այս մասին տեղեկացնում է «Ունիան» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, որոշումն ընդունվել է հինգերորդ փորձից՝ գրանցված 250 ժողովրդական պատգամավորներից 232-ի կողմ քվեարկությամբ:
Նոր կանոնակարգի համաձայն, սահմանվում է պատգամավորական խմբակցություն ձևավորելու համար անհրաժեշտ անդամների քանակ, որի բացակայության դեպքում խորհրդարանի խոսնակը իրավասություն է ստանում լուծարելու խմբակցությունը: Օրենքով նման վտանգի տակ է հայտնվում Կոմունիստական կուսակցության խմբակցությունը:
«Ես այսօր իսկ կուղարկեմ այս օրենքի նախագիծը նախագահին և կխնդրեմ անմիջապես ստորագրել այն, որից հետո կհայտարարեմ Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության լուծարման մասին», - նիստի ժամանակ հայտարարել է Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը: