Տասը զոհ, յոթ մանդատ. ՀԱԿ շարժման արդյունքը` ըստ Գիմիշյանի (տեսանյութ)
Բացառում եմ, որ հայ հասարակությունը մոռանա «Օրինաց երկիր» կուսակցության անցյալը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով ՕԵԿ-ի վարքագծին, հայտարարեց Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Այն, ինչ արեց ՕԵԿ-ը ես ուղղակի դավաճանություն կարող եմ համարել և ժողովրդին, և երկրին: ՕԵԿ-ը ուղղակի խաբեց ժողովրդին: Կարծում եմ, որ մեր ժողովուրդը թույլ չի տա, որ երկրորդ անգամ ՕԵԿ-ը խաբի իրեն»,-հավելեց քաղաքական գործիչը:
Հիշեցնենք` այս գործիչի ղեկավարած կուսակցությունը նախկին Հայ Ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի մաս էր կազմում: Սակայն ՀԱԿ որդեգրած քաղաքական գիծը (ԲՀԿ –ի հետ համագործակցությունը) չգոհացրեց նրան, և այս կուսակցությունը հեռացավ ՀԱԿ կազմից:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, Գիմիշյանն ասաց, որ ոչինչ չի փոխվել, և Տեր-Պետրոսյանը շարունակում է ԲՀԿ-ի հետ համագործակցության ուղին:
«Կյանքը ցույց տվեց, որ ինչքան նա փորձում է խորացնել համագործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցույթան հետ, այնքան նա մենակ է մնում, այնքան հասարակությունը սկսում է հրաժարվել նրանից»,-հայտարարեց Գիմիշյանը:
Ամփոփելով նախկին ՀԱԿ կուսակցությունների դաշինքի շարժումը, Գիմիշյանը կարճ ներկայացրեց. «Տասը զոհ, յոթ մանդատ»:
Տասը զոհ Գիմիշյանը նկատի ունի 2008-ի մարտի 1-ին Երևանի տեղի ունեցած ողբերգական դեպքերի զոհերին, իսկ յոթ մանդատն էլ ՀԱԿ այն ժամանակվա դաշինքի անդամների պատգամավորական մանդատները:
Ըստ բանախոսի, ԲՀԿ-ում բացի ֆինանսական ռեսուրսից, ոչինչ չկա` ոչ միտք, ոչ գաղափար:
«Կա մի օլիգարխ, որը ղեկավարում է այդ կառույցը, ինքն էլ անկեղծորեն ասում է, որ ինքն ընդդիմություն չի»,-հավելեց Գիմիշյանը` ընդգծելով, որ չի հավատում, որ քառյակը լուրջ հաջողություններ ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան