Գազայում պատերազմը սրում է Մերձավոր Արևելքում առկա հակասությունները
Գազայի հատվածում հակամարտության 17 օրերի ընթացքում սպանվել է 718 պաղեստինցի, վիրավորվել` ավելի քան 4.500 մարդ: Ակտիվացել է ռազմական գործողությունների թափը հյուսիսային Գազա, Ջեբալիյա, Բեյթ-Հանուն և Բեյթ-Լախիյա քաղաքների արվարձաններում: Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը մի քանի օր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան: Իսրայելական օդուժն էլ ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների սկսել է խոցել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի և այլ իսլամիստական խմբավորումների ռազմական ենթակառուցվածքները: Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակարգ:
Իսրայելի համար առաջնային է հրեական պետության անվտանգությունը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է զգալիորեն ընդլայնել ցամաքային ռազմական գործողությունը Գազայի հատվածում: Գեներալ Մոթի Ալմոզն էլ իր հերթին նշել է, որ իսրայելական ԶՈւ-երը իրականացնում են քաղաքական ղեկավարության հրամանը և օգտագործում են իրենց ողջ ռազմական ներուժը: Նրա խոսքով, իրենք նպատակ ունեն կտրուկ հարված հասցնել «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության ռազմական ենթակառուցվածքներին: Գազայում սկսված ցամաքային գործողությանը նախորդել էր իսրայելական օդուժի հրետակոծությունները: Վերջին անգամ Իսրայելի և Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև ռազմական ակտիվ գործողությունները տեղի են ունեցել 2008թ.-ին, երբ Իսրայելը կրկին սկսեց ցամաքային գործողությունը Գազայում: «Литой свинец» կոչվող գործողության ընթացքում իսրայելական զինուժը մուտք է գործել Գազայի հատված և ոչնչացրել 1166 մարդ, որոնցից 709-ը՝տարբեր խմբավորումների մարտիկներ, իսկ 295-ը՝ կանայք և երեխաներ: Այդ գործողությունից հետո միջազգային հանրությունը մեղադրեց Իսրայելին գործողության ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում մեծ զոհերի համար: Չնայած որոշակի հաջողություններին, «ՀԱՄԱՍ»-ը 2008թ.-ից հետո էլ շարունակում էր հրետակոծել իսրայելական քաղաքները, սակայն ոչ այն հաճախականությամբ, ինչպես մինչև «Литой свинец» գործողությունը:
«ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է հրադադարի՝ Գազայի ապաշրջափակման պայմանով
Իսլամիստական «ՀԱՄԱՍ» խմբավորման առաջնորդ Հալեդ Մաշաալը նշել է, որ Իսրայելի հետ հրադադարը հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերանա Գազայի հատվածի շրջափակումը: Գազայի հատվածի տնտեսական շրջափակումը սկսվել է 2006թ.-ին ՝ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի կողմից իսրայելցի զինծառայող Գիլադ Շալիտի առևանգման: 2007թ.-ին Եգիպտոսը և Իսրայելը ուժեղացրին Գազայի շրջափակումը, քանի որ «ՀԱՄԱՍ»-ը Գազայի հատվածում ողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը և ուժով հեռացրեց «ՖԱԹՀ» շարժման ներկայացուցչին: «ՀԱՄԱՍ»-ը Իսրայելից պահանջում է նաև բացել Ռաֆահի անցագրային կետը, ինչպես նաև բանտերից ազատ արձակել «ՀԱՄԱՍ»-ի մարտիկներին: Ռաֆահի անցագրային կետը գտնվում է Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին և Գազայի բնակչությունը այդ անցակետով ստանում էր առաջնային անհրաժեշտության ապրանքները: Մաշաալը իր համաձայնությունն է հայտնել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի հաստատմանը, որպեսզի հնարավորություն ստեղծվի տարհանել վիրավորներին և մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը: «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Գազային դեղորայքով և բուժսարքավորումներով:
Եգիպտոսը հանդես է գալիս միջնորդական առաքելությամբ
Եգիպտոսը հանդես գալով Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև միջնորդի դերում հրադադարի հաստատման իր ծրագիրն էր ներկայացրել, որը ենթադրում էր կրակի դադարեցում, պաղեստինյան անկլավը արտաքին աշխարհի հետ կապող բոլոր անցակետերի բացում, ինչպես նաև Կահիրեում երկարաժամկետ խաղաղության հասնելու վերաբերյալ բանակցությունների անցկացում: «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարությունը ծանոթանալով ծրագրին մերժեց այն: Նրանց կարծիքով, Իսրայելի հետ հնարավոր է հասնել հրադադարի միայն այն դեպքում, երբ ամբողջովին վերանա Գազայի շրջափակումը: Օրերս մի քանի ժամով Եգիպտոսը բացել է Ռաֆահ անցագրային կետը՝ Գազայի հատվածից վիրավորներին ընդունելու և պաղեստինյան անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու համար:
Թուրքիան փորձում է հանդես գալ պաղեստինցիների պաշտպանի դերում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել բռնությունները Գազայի հատվածում, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները չեն կարգավորվելու: Էրդողանը այդ հայտարարությունը հնչեցրել է Յոզգաթ քաղաքում նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կայացած ցույցի ընթացքում: Թուրքիայի վարչապետը գնահատելով Իսրայելի գործողությունները Գազայում հայտարարել է, որ Թել Ավիվը Գազայի հատվածում պետական ահաբեկչություն և ցեղասպանություն է իրականացնում: Նրա խոսքով, Իսրայելը սպառնում է ողջ Մերձավոր Արևելքի կայունությանը և քանի դեռ ինքը մնում է վարչապետի պաշտոնում՝ ոչ մի լավ բան չի կարող ասել Իսրայելի մասին: Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները 2010թ.-ին կտրուկ վատթարացել էին կրկին պաղեստինյան հարցի, մասնավորապես Գազայի հատվածի շրջափակման պատճառով: Թուրքական «Mavi Marmara» նավը 2010թ.-ին փորձեց ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը և հումանիտար օգնություն հասցներ Գազային, սակայն իսրայելական հատուկ ջոկատայինները դա թույլ չեն տվել, իսկ հատուկ գործողության ժամանակ զոհվել էին Թուրքիայի քաղաքացիներ:
Այսպիսով, Մերձավոր Արևելքում ստեղծվում է պայթյունավտանգ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ կապված Գազայի իրադարձությունների, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում ազդեցության նոր գոտիներ ձեռք բերող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գործունեության հետ: «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին: Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ: Բացի այդ, անկայուն է իրավիճակը Սիրիայում, որտեղ 3 տարի չդադարող քաղաքացիական պատերազմի հետևանքով երկիրը կանգնած է էթնիկ-կրոնական սահմաններով պառակտվելու իրական վտանգի առջև, իսկ սիրիացի միլիոնավոր փախստականներ ապաստան են գտնում հարևան Թուրքիայում, Հորդանանում և Լիբանանում:
Արտյոմ Բալասանով