Տարածաշրջանում նկատվում է ծայրահեղ արմատական խմբավորումների աճ. Ս. Գրիգորյան
«Եթե 21-րդ դարի սկզբին փորձագիտական լայն շրջանակներում քննարկվում էր այն հարցը, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին իրականացված բռնարարքներն ԱՄՆ-ի դեմ իսլամականների ակտիվ գործողությունների գագաթնակետն էր, որից հետո իսլամական ծայրահեղ արմատականությունն անկում է ապրելու, ապա, այն ինչ տեսնում ենք այսօր Մերձավոր Արևելքում, ճիշտ հակառակն է ապացուցում»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ արաբագետի, տարածաշրջանում նկատվում են իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների և ծայրահեղ արմատական խմբավորումների աճ, որոնք փորձում են խաղի կանոններ թելադրել: Իսկ դա իր հերթին, սպառնում է տարածաշրջանում բնակվող էթնո-դավանական փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյաների անվտանգությանը:
«Իսլամական արմատական ՀԱՄԱՍ խմբավորման ակտիվությունն ու նրա կողմից Իսրայելի տարբեր քաղաքների հրթիռակոծությունը, «Իսլամական պետության» կողմից Իրաքի և Սիրիայի տարբեր հատվածների վրա վերահսկողության սահմանումն ու այստեղ բնակվող քրիստոնյաներից իսլամ ընդունելը կամ գլխահարկ պահանջելը, և վերջապես Սիրիայում չդադարող ռազմական բախումները վերոշարադրյալի վկայությունն են»,-եզրափակեց Սարգիս Գրիգորյանը:
Նախորդող հրապարակում`
Աճող իսլամական արմատականությունը սպառնալիք է քրիստոնյաների համար. Արաբագետ (տեսանյութ)