Թուրքական ընդդիմությունը ծրագրային առաջարկներ չի անում, այլ պարզապես քննադատում է Էրդողանին. Շաքարյան (տեսանյութ)
Թուրքիայի նախագահական ընտրություններում ժողովրդի մեծ մասը ընտրելու է ոչ թե հանուն ինչ-որ մեկի, այլ ընդդեմ ինչ-որ մեկի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` վերլուծելով Թուրքիայում այս օրերին ընթացող նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
«Թուրքական ընդդիմությունը հենց այս հաշվարկով է առաջ քաշել Էքմելեդդի Իսանօղլուի թեկնածությունը, որովհետև Գեզիի դեպքերից, ձերբակալություններից, շանտաժներից, Էրդողանի ընտանիքի վերաբերյալ սկանդալային ձայնագրություններից հետո մարդկանց մեծ մասը պատրաստ է ընտրել որևէ մեկին, բայց ոչ Էրդողանին», -հավելեց Շաքարյանը:
Այդուհանդերձ, չնայած այդ ամենին, Էրդողանի հնարավորությունները Թուրքիայի նախագահական ընտրություններում ընտրվելու առումով, մեծ են: Թուրքական ընդդիմությունը, Շաքարյանի խոսքով, չկարողացավ հակափաստարկներ ներկայացնել, թե ինչու չպետք է մարդիկ ընտրեն հենց Էրդողանին:
«Էրդողանն ինչքան էլ խնդրահարույց թեկնածու է, բայց սեղանին դնելու բաներ ունի, որ խոստացել է ու ի կատար է ածել: Իսկ թուրքական ընդդիմությունը ծրագրային առաջարկներ չի անում, այլ պարզապես քննադատում է Էրդողանին», -հավելեց թուրքագետը: