Ճապոնացի պաշտոնյան խոստովանել է, որ կտտանքների է ենթարկել 30 հազար չինացու
Այն բանից հետո, ինչ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբէն փորձեց հերքել 1930-1940թթ-ին օտարերկրացիների մասայական կտտանքների փաստը, որին մասնակից են եղել իր հայրենակիցները, Չինաստանի իշխանությունները հրապարակեցին ճապոնացի պաշտոնյա Իսսակու Սուգիհարայի խոստովանությունը, որով նա հաստատում է, որ մասնակից է եղել 30 հազար չինացիների կտտանքների ենթարկելուն:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, նա պատմել է, որ մինչև 1945թ-ին գերեվարվելը գլխավորել է Մանչժոու-գոյի արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի գաղափարական դեպարտամենտը: Իսսակուն կտտանքների է ենթարկել 30 հազար չինացիների և խոստովանել է, որ շատերը, ում այդ ժամանակ ձերբակալում էին ճապոնացիները, մահանում էին հենց այդ ժամանակ, քանի որ «պահվում էին սարսափելի պայմաններում և ենթարկվում սարսափելի կտտանքների»:
Ընդհանուր առմամբ` Չինաստանի արխիվների պետական ադմինիստրացիան հրապարակել է 45 փաստաթուղթ, որոնք վկայում են այդ անմարդկային գազանությունների մասին: