Անկարա-Ստամբուլ արագընթաց գնացքի գործարկումն ուղեկցվել է զավեշտով
Նախօրեին Թուրքիայում գործարկվել է Անկարա-Ստամբուլ արագընթաց գնացքը, որի հանդիսավոր բացմանը մասնակցել են Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ տիկնոջ հետ, ինչպես նաև կառավարության մի շարք անդամներ։
Թուրքական «Hurriet Daily News» պարբերականի հաղորդմամբ, երթուղու գործարկման հանդիսավոր միջոցառումն անխոչընդոտ չի անցել։ Արագընթաց գնացքը, որի առաջին ուղևորները եղել են հենց վարչապետն ու կառավարության անդամները, ճանապարհին տեխնիկական խնդիրների է բախվել։ Երկաթուղին սպասարկող կաբելային գիծը շարքից դուրս է եկել, ինչի հետևանքով բարձրաստիճան հյուրերը շուրջ կես ժամ արգեկափակվել են գնացքում։ Տեխնիակական խմբի միջամտությունից հետո միայն գնացքը շարունակել է երթուղին։
Հատկանշական է, որ դեռ 1970 թ-ից մշակվող սույն նախագծի մեթընդմերթ հետաձգումը վարչապետ Էրդողանը բնութագրել էր որպես «սաբոտաժ»։ Լրատվամիջոցը չի հայտնում, թե ինչպիսին է եղել վարչապետի արձագանքը առաջացած տեխնիկական խնդրին, մինչդեռ Թուրքիայի տրանսպորտի նախարար Լութվի Էլվանը, ով ևս գտնվել է գնացքում, բացառել է դիտավորության վարկածը և հայտարարել, թե գնացքի գործարկման տեխնիկական սպասարկման առնչվող հարցերին առավել լուրջ ուշադրություն պետք է դարձվի։
Նշենք, Անկարա-Ստամբուլ արագընթաց գնացքի գործարկման արդյունքում Թուրքիայի մայրաքաղաքից երկրի խոշորագույն ու ֆինանսական կենտրոն հանդիսացող Ստամբուլ քաղաք հնարավոր կլինի հասնել 3,5 ժամում՝ նախկին 10 ժամի փոխարեն։
Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալներով` երթուղին տարեկան սպասարկելու է շուրջ 7,5 միլիոն ուղևորների։ Թուրքական այս մեգանախագծի ենթակառուցվածքը ներառում է 35 թունել, 26 էստակադա, 53 կամուրջ, 158 ստորգետնյա և 83 վերգետնյա անցում։ Գնացքը կատարելու է 9 կարճ կանգառ, իսկ առավելագույն արագությունը կազմելու է 250 կմ ժամում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ